Axotq (2)

Պետք է իմանալ, որ աղոթքը մարմին է եւ հոգի. մարմինը աղոթքի խոսքերն են, որոնք լսելի են լինում, իսկ հոգին իղձն ու սերն են, որոնք ելնում են սրտից եւ հաճելի լինում Աստծուն: Ինչպես, օրինակ, երեւացող մարմինն ունի աներեւույթ հոգի, որը մարմինը շարժողն ու կենդանություն տվողն է: Այդպես էլ աղոթքի մարմնի կենդանությունը սրտի բաղձանքն է, իսկ սերը` դեպի Աստված շարժողը ի հաճություն Նրա: Եվ ինչպես երբ հոգին վերանում է, մարմնի տարրերից ոչինչ չի պակասում, այլ մարմնի տեսքը մնում է նույնը եւ անթերի, այդպես էլ սրտի բաղձանքից ելնող աղոթքը կենդանի է եւ հաճելի Աստծուն: Այս մասին է ասում «Սուրբերի աղոթքը կենդանի է» խոսքը: Իսկ ով չունի սրտի բաղձանք, այլ միայն աղոթքի խոսքեր, այդպիսին մեռած մարմին է, որի մեջ մնացել է միայն աղոթքի տարրը եւ ո՛չ հոգին:

Աղոթքը շատ օգտակար է:

Աղոթքը առավել պատվական ընծա է Աստծուն, քան այն ամենը, ինչ մատուցում ենք Նրան:

Երբ ընթերցում ես Սուրբ Գիրքը, Աստված է խոսում քեզ հետ, իսկ երբ աղոթում ես, դու ես խոսում Աստծո հետ, ըստ այն խոսքի, թե` «Ես աղոթում եմ Աստծուն կյանքի համարե [Սաղմ. ԽԱ 9]» եւ «Աստված խոնարհեցնում է Իր ականջը` լսելու աղոթողի ձայնը» [Սաղմ. ԺԶ 6, Լ 3]:Աղոթքի գործը կարող է կատարվել ամեն ժամ? գիշեր թե ցերեկ, տանը նստելիս թե ճանապարհ գնալիս, առողջության, հիվանդության, մանկության, ծերության ժամանակ, ամռանը թե ձմռանը, մշտապես:

Աղոթելիս պետք է ծնկի իջնել, որովհետեւ ծնկի իջնելը փոքրացնում է մարդու անձը:Հոգին ու մարմինը միաժամանակ պետք է խոնարհեցնել Աստծո օրենքների լծի տակ եւ չխոտորվել ո՛չ աջ, ո՛չ ձախ:Հոգեւոր խնդրանքներ անելիս պետք է ծնկի իջնենք երկնավոր Թագավորի առջեւ, որպեսզի ստանանք, ինչ խնդրում ենք: Ընկած տեղից կանգնողը նախ ծնկներին է ելնում եւ ապա կանգնում, այդպես էլ մենք, որ ընկել ենք` սկզբնական ու ներգործական մեղքով կործանվելով, ծնկաչոք աղոթքով ենք բարձրանում մեղքերով գլորումից` ասելով. «Տե՛ր, բանտից հանի՛ր ինձ»[Սաղմ. ՃԽԱ 8]:

Որովհետեւ նախաստեղծները ոտքով գնացին դեպի ծառը եւ հանցանք գործեցին, ծնկի իջնելով` կապում ենք դեպի մեղքերը մեր ընթացքը, նաեւ դեպի բարին ենք ուղղում մեր ընթացքը, ըստ այն խոսքի, թե` «Քո պատվիրանների ճանապարհով գնացի» [Սաղմ. ՃԺԸ 32]:

Հարկ է եկեղեցիներում աղոթել, ինչպես Դավիթն է ասում. «Եկեղեցիներում օրհնեցե՛ք Աստծուն»[Սաղմ. ԿԷ 27]: Ինչպես ասում է. «Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի» [Ես. ԾԶ 7], եւ թե` «Եկեղեցիներում օրհնեցե՛ք Աստծուն» [Սաղմ. ԿԷ 27]: Քանզի ամեն մի գործ իր տեղում է կատարվում:
Մարդիկ ավելի շատ են աղաղակում [առ Աստված] հրդեհի, ջրհեղեղի, գերեվարության ժամանակ: Այդպես էլ եթե մեր հոգում վառվում է բարկության հուրը, հանգցնենք այն ողորմության ջրով, եթե գեջ ցանկության հեղեղն է բարձրանում, աղաղակենք առ Քրիստոս, ինչպես առաքյալները` ծովում. «Ահա կորչում ենք» [Ղուկ. Ը 24]: Եվ եթե սատանան ելնում է` կողոպտելու մեզ, աղոթենք առ Աստված, ինչպես Եզեկիան էր աղոթում Սենեքերիմի ձեռքից ազատվելու համար [Ես. ԼԷ 15-20]:

Աղոթքները կանխում են ե՛ւ մահը, որ Աստծո հրամանն է, ինչպես կանխեցին Եզեկիայի մահը [Դ Թագ. Ի 1-7], ե՛ւ գազաններին, ինչպես երբ Դանիելը նետվել էր առյուծների գուբը [Դան. Զ 16եւ22]:

Որպեսզի աղոթքը լսելի լինի, պետք է երեք բան. նախ` արտասվել աչքերով, որոնցով ցանկացավ պտուղը, օձի մահաբեր խոսքերը լսած ականջներով լսել Ավետարանի քարոզությունը, մահացու պտուղը կերած բերանով օրհնել Աստծուն եւ ասել. «Մեղանչել եմ», նաեւ երկրպագել:

«Մտի՛ր քո սենյակը »[Մատթ. Զ 6], պետք է մտնես սրտիդ սենյակը, սիրտդ հեռացնես աշխարհիկ բոլոր հոգսերից, փակես դռներդ, այսինքն` հինգ զգայություններդ, որոնք մեղքերի մուտքն են, քանզի նրանցով են մտնում մեղքերի բազմությունները:

Երբ լեզուն առանց սրտի է խոսում Աստծո հետ, շաղակրատանք է եւ ո՛չ աղոթք: Երբ լեզուն ու սիրտը համաձայնում են, սակայն խնդրում են չար ու մարմնավոր բաներ, հեթանոսների շատախոսություն է այդ: Քանզի Տերն ասում է. «Շատախոս մի՛ եղեք, ինչպես հեթանոսները» [Մատթ. Զ 6], այսինքն` մի՛ խնդրեք մարմնավոր բաներ` թշնամիների կորուստ կամ չար հաջողություն: Բարի աղոթք է, երբ սիրտն ինքը, առանց շրթունքները շարժվելու, աղոթում եւ աղաղակում է առ Աստված, ընդունելի է, ինչպես աղոթքը Մովսեսի, որ աղոթեց գլուխը ծնկների մեջ դրած, եւ Աստված նրան ասաց. «Ինչո՞ւ ես կանչում ինձ» [Ելք ԺԴ 15]: «Պետք է ամեն ժամ աղոթել եւ չձանձրանալ» [Ղուկ. ԺԸ 1]: Քանի որ աղոթքը հոգու կենդանության նշանն է, ուստիեւ պետք է միշտ աղոթել: Եթե աղոթքը դադարում է, նշանակում է հոգին մեռած է: Ամեն ժամ անդադար աղոթել նշանակում է չհուսահատվել , այսինքն` մի խնդրանքի համար բազում անգամ աղոթել, մինչեւ ստանալը, ինչպես այն այրի կինը բազում անգամ խնդրեց անիրավ դատավորին, նաեւ նա, որ նկանակ փոխ խնդրեց: Պողոսն ասում է. «Ուրա՛խ եղեք եւ անդադար աղոթեցեք» [Ա Թեսաղ. Ե 16]:

Ամեն ժամ աղոթելը ամեն ժամ հավիտենական կյանք ցանկանալն է: Հարաժամ աղոթելուց չենք դադարում այն ժամանակ, երբ չենք դադարում բարիք գործելուց: Քանզի ողորմություն անելով աղքատներին եւ Եկեղեցու կարգավորներին` նրանց աղոթքից մաս ենք ունենում եւ երբ դադարում ենք աղոթել, նրանք են աղոթում մեզ համար. այսպիսով անդադար աղոթքի մեջ ենք լինում: Ամեն ժամ աղոթելը չծուլանալն է, ըստ Դավթի խոսքի, որ ասում է. «Օրվա մեջ յոթ անգամ քեզ պիտի օրհնեմ» [Սաղմ. ՃԺԸ 164]: Ամեն ժամ աղոթել նշանակում է` մանկության, երիտասարդության, ալեւորության եւ ծերության ժամանակ: Քանզի Տերն ասում է. «Արթո՛ւն կացեք, որովհետեւ չգիտեք, թե երբ կգա ձեր Տերը` երեկոյա՞ն, գիշե՞րը, հավախոսի՞ն, թե՞ առավոտյան, որովհետեւ այն ժամին, երբ չեք սպասում, կգա մարդու Որդին» [Մատթ. ԻԴ 42, 44]:

Ամեն ժամ աղոթելը նշանակում է աղոթել, մինչ Տերը նստած է ողորմության աթոռին. ըստ առաքյալի. «Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը» [Բ Կոր. Զ 2]: Ամեն ժամ աղոթել նշանակում է ամբո՛ղջ սրտով աղոթել առ Աստված արքայությա՛ն եւ ո՛չ մարմնավոր բաների համար: Եվ քանի որ մեր Տեր Աստված ողորմած ու գթառատ է, ուստիեւ չպետք է երկարեցնել աղոթքները` մտածելով, թե Աստված մեզնից հեռու է, մոտենա, կամ թե` չգիտի մեր սրտերը, անգութ է, գթա: Եթե սուրբ սրտով ու ջերմ սրտով երկար աղոթենք Աստծուն, մեծ վարձ կստանանք, ինչպես որ Ինքը` Քրիստոս, մեզ գործով սովորեցրեց` ամբողջ գիշերն անցկացնելով Աստծուն աղոթելով:

Եթե ոչ գիտուն մեկը սուրբ սրտով ու հավատով աղոթում է կամ լսում քահանայի աղոթքը, այդպիսի աղոթքն անօգուտ չէ: Ինչպես երբ թանկարժեք քար է ընկնում մի գյուղացու ձեռքը, որ չգիտի դրա արժեքը եւ տալիս է իշխանին, որ դրա արժեքը գիտի. որքան այն արժե իշխանի ձեռքում, նույնքան էլ արժե գյուղացու ձեռքում, թեեւ նա դրա արժեքը չգիտի: Այդպես էլ սուրբ սրտից բխող աղոթքը իմաստունի բերանում, որ հասկանում է, եւ գյուղացու բերանում, որ չի հասկանում, ընդունելի է, եւ նրանք միապես են վարձք ստանում:Եվ Ինքը` Քրիստոս, նրանց սրտում եւ հոգում կծագեցնի Իր փառքի ճառագայթը, կլուսավորի եւ կկատարի նրանց խնդրվածքները:

Քրիստոս թող մեզ նույնպես արժանի դարձնի` միշտ աղոթելու եւ ընդունելու մեր սրտի խնդրվածքները: Նրան փառք հավիտյանս. ամեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել