Հայաստանն աշխարհի այն եզակի ու բացառիկ երկիրն է կամ՝ տարածքը, որ ապրում է տրամաբանությունից դուրս մի ինչ-որ անբնական, վերացական կյանքով: Ոչ մի օրենք չի գործում այստեղ: Նույնիսկ ժամանակն է այստեղ կանգ առել: Ամենահանրահայտ ճշմարտություններն անգամ այստեղ տեղ չունեն: 
Ասում են՝ իշխանությունները գալիս-գնում են, իսկ ժողովուրդը մնում է: Բայց այս հանրահայտ ճշմարտությունն անգամ Հայաստան անվամբ տարածքում չի գործում: Այստեղ իշխանությունները մնում են, վերարտադրվում, բազմանում ու ձագեր տալիս, իսկ ժողովուրդը գնում է: Գնում է՝ ուր պատահի. ռուսաստաններ, եվրոպաներ, ամերիկաներ...
Այստեղ ոչ թե ժողովուրդն է պահանջում իշխանությունների հրաժարականը, այլ իշխանություններն են ժողովրդին հրաժարական պարտադրում: Ու նա հրաժարվելով մարդկային իր բոլոր իրավունքներից, ճամպրուկներն է կապում կամ գոյությունը քարշ է տալիս՝ առանց այդ իրավունքների: Անգամ՝ ապրելու իրավունքի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել