Ընկերս դարձյալ այդ աղջկա հետ էր։ Ինչ ծանոթացել էր նրան, շատ էր փոխվել։ Մինչ այդ ես կարծում էի, թե երբ սիրում են մեկին, ավելի ուրախ, ավելի երջանիկ են դառնում և սավառնում են վերևներում։ Ընկերս ոչ ուրախ էր, ոչ տխուր, բայց մի տեսակ այնպիսին էր դարձել, ինչպիսին երբեք չէր եղել։
Աղջիկը, ճիշտ է, գեղեցկուհի չէր, բայց բավականին հմայիչ էր։ Ես ուզում էի հարցնել այդ աղջկա մասին, բայց չգիտեի, թե ինչ հարցնեմ, իսկ ինքը դեռ ոչինչ չէր ուզում ասել։ Հանդիպում էին ոչ շատ հաճախ, բայց հանդիպում էին...
Վերջապես մի անգամ հարցրի աղջկա մասին։
- Է՜հ,- ասաց նա,- մի օր քեզ կասեմ։
Անցան օրեր, ամիսներ։ Նրանք շարունակում էին հանդիպել։ Երբեմն նա զանգում էր ընկերոջս, և նրանք ժամադրվում էին։ Սակայն լինում էին օրեր, երբ ընկերս, չգիտես` ինչու, չէր ուզում տեսնել նրան և պատճառաբանում էր, թե կարևոր գործեր ունի, չնայած ոչ մի կարևոր գործ չէր ունենում։
Մի օր ընկերս զանգեց և ասաց, որ ուզում է անպայման տեսնել ինձ։ Տանը հյուրեր կային, և ես նրան ասացի, որ լավ կլինի վաղը հանդիպենք։ Մյուս օրը չկարողացա նրան գտնել։ Հետո, երբ գործուղումից վերադարձա, նրա մատին նշանի մատանի կար։
Անցավ մի ամիս։ Ես մտածում էի, որ այդ օրը նրա ամենաուրախ օրը պիտի լիներ։ Նվագախումբը պար պարի հետևից էր թնդացնում, թամադան հարսանքատնով մեկ քաղցր կենացներ էր շաղ տալիս, ամենքն ուրախ էին, բայց ընկերս այնպես էր նստել հարսնացուի կողքին, կարծես ամենևին իր հարսանիքը չէր, ասես փողոցով անցնելիս, իրեն բռնել էին ու նստեցրել այդ աղջկա կողքին։
Գրողը տանի, բայց ախր նրա հետ ինչ-որ բան է կատարվում, մտածեցի ես։ Հետո, երբ հյուրերի թիվը զգալիորեն նվազել էր, և նոր կենացներ ասելու համար թամադան ծուլանում էր տեղից բարձրանալ, ընկերս մոտեցավ ինձ և, մի կողմ քաշելով, ասաց.
- Այն օրը, հիշո՞ւմ ես, մի ամիս առաջ, որ զանգեցի, անպայման ուզում էի քեզ տեսնել...
- Ինչ-որ բան է պատահե՞լ...
- Քեզ շատ կարևոր բան պիտի ասեի։
- Հիմա ասա՛։
- Հիմա ուշ է,- նա տխուր ժպտաց,- արդեն ուշ է...
- Այնուամենայնիվ, ասա՛, ի՞նչ էիր ուզում ասել։
- Երբ նրա հետ եմ լինում, ասես հարբած լինեմ։ Երբ հեռանում եմ և մենակ եմ լինում, սթափվում եմ ու հասկանում, որ նա ինձնից շատ է հեռու և օտար...
- Հետո՞...
- Ես քեզ ուզում էի ասել, որ ինչ էլ լինի, թեկուզ քեզ կոպտեմ ու վիրավորեմ, երբեք չթողնես նրա հետ ամուսնանամ...
Մնացի ապշած։
- Կատակո՞ւմ ես,- հարցրի, բայց նա չլսեց, ձեռքը թափ տվեց և գնաց զբաղեցնելու իր տեղը հարսնացուի կողքին։
Նյութի աղբյուր՝ http://vardgesovyan.blogspot.com/2013/11/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել