Մայիսի 12-ի հանրահավաքում Բագրատ սրբազանը հայտարարեց, որ իմպիչմենթի գործընթաց են սկսում, եւ վարչապետի թեկնածուն պետք է լինի անկուսակցական։ Ինքը պատրաստ է ցանկացած դերակատարում ստանձնել, սակայն չի ուզում լինել թեկնածու։ Բանն այն է, որ երբ ինքը զբաղեցրել է Կանադայի թեմի առաջնորդի պաշտոնը, Կանադայի քաղաքացիություն է ստացել, այսինքն՝ այժմ երկքաղաքացի է, մինչդեռ ըստ Սահմանադրության՝ երկքաղաքացիները չեն կարող լինել վարչապետ։ Սակայն իրավաբաններից ոմանք կարծում են, որ դա արգելք չէ նրա առաջադրմանը։

Մեզ հետ զրույցում փաստաբան Արամ Օրբելյանն ասաց․ «Նախ՝ ոչ թե իմպիչմենթ, այլ անվստահության գործընթաց, այն մի քիչ տարբերվում է իմպիչմենթից, որը նախագահի դեպքում է կիրառվում։ Երկրորդը․ այս պահի դրությամբ Բագրատ սրբազանը հստակ արտահայտել է, որ ինքը չի ցանկանում լինել թեկնածու` թեկնածուն կլինի անկուսակցական, որեւէ խմբի ներկայացուցիչ չի լինի եւ կներկայացնի ժողովրդի շահերը։ Երրորդը․ գործող սահմանադրական կարգավորումների շրջանակներում եթե հաստատվի, որ նա 2 երկրի քաղաքացի է եւ վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանից բացի այլ երկրի քաղաքացի է եղել, ապա ինքը չի կարող լինել վարչապետ, որովհետեւ պատգամավորին ներկայացվող պահանջները տարածվում են կառավարության անդամների նկատմամբ՝ այդ մասով։ Բայց Բագրատ սրբազանն այս պահի դրությամբ ոչինչ չի ասել, եւ չեմ կարծում, որ սա պետք է քննարկման առարկա դառնա: Իմաստ չունի, որ մենք անընդհատ շեշտենք՝ ինքը կարող է լինել, թե չի կարող, կամ ով կարող է, իսկ ով չի կարող։ Իրականում գործընթացը գնում է իր ընթացքով, գործընթացի մասնակիցները, համոզված եմ, որ գնահատել են իրավական խնդիրները, հնարավորությունները եւ հարցերը, այդ թվում՝ նաեւ Սահմանադրության հետ որոշակի գործընթացներ իրականացնելու հնարավորությունները, եւ համապատասխանաբար այդ գործընթացի շրջանակներում երբ որոշումներ լինեն, այդ ժամանակ նոր հնարավոր ու տեղին կլինի գնահատելը։ Ես բոլորին կառաջարկեմ այս հարցի վրա չկենտրոնանալ, որովհետեւ ստացվում է, որ մենք կենտրոնանում ենք մի բանի վրա, որը որեւէ տեղ հստակ արձանագրված չէ՝ որպես հնարավոր զարգացման ուղղություն, այն պայմաններում, երբ ինքը շատ հստակ ասել է, որ ինքը չի լինելու»:

Բայց սրբազանը նաեւ ասել է, որ պատրաստ է ցանկացած դերակատարում ստանձնել, մարդիկ ուզում են, որ ինքը լինի վարչապետի թեկնածուն։ Օրբելյանն ասաց․ «Ես մի հորդոր ունեմ բոլորին․ ցանկությունները շատ լավ են, բայց ցանկություններն ու սահմանադրական գործընթացները չխառնենք, որովհետեւ տարբեր մարդիկ տարբեր մարդկանց, շատերը Բագրատ սրբազանին են ուզում տեսնել ժամանակավոր վարչապետի կարգավիճակում: Լուծումներ հնարավոր է գտնել, չեմ կարծում, որ անհնար է, բայց պետք է հաշվի առնել, որ Սահմանադրությունը քաղաքական նպատակահարմարությանը հարմարեցնելը լավագույն լուծումը չէ՝ սահմանադրական կարգը վերականգնելու համար։ Վերջիվերջո, սրբազանը բազմաթիվ անգամ է ասել` այս ամբողջ գործընթացն ուղղված է ոչ թե բացառապես ինչ-որ մարդ հեռացնելուն, այսինքն՝ սա առաջին մեծ շարժումն է, որը ոչ թե դեմ է պայմանական ՔՊ-ին, պայմանական Նիկոլին, այլ սա կողմ է Հայաստանի միասնականությանը, ուժեղ, համերաշխ Հայաստանին, եռագույն Հայաստանին։ Ես հասկանում եմ, որ մարդիկ հետաքրքրված են, ցանկություններ ու քննարկման թեմաներ կան, բայց մենք փոխանակ նպաստենք ընդհանուր երազանքի ձեւավորմանը՝ հաշտությանը, համերաշխությանը, սահմանադրականության ձեւավորմանը, անընդհատ փորձում ենք «կարող է-չի կարող» հարցերին անդրադառնալ։ Իրականում լուծումը մեկն է․ կա Սահմանադրություն, եւ Սահմանադրության շրջանակներում պետք է իրականացվի գործընթացը։ Սրբազանը պետք է հետագա գործընթացներում ունենա շատ կարեւոր դերակատարում, այդ թվում՝ նաեւ ապահովի այս ամբողջ պրոցեսի անցնցում անցումը, որ նոր իշխանությունը հանկարծ 2018-ի նման ուզուրպացիայի իր այդ մեծ ցանկությունները չիրականացնի, այդ թվում՝ թեկուզ դրական մտքերից ելնելով։ Ապահովի, որ իշխանափոխությունից հետո սահմանադրականությունը շարունակի գործել։ Սրբազանը շատ հստակ է ասել, որ այս գործընթացում կուռքեր չպետք է լինեն, եւ իր ամբողջ խոսույթն ուղղված է հենց համերաշխության ձեւավորմանը։ Կլինեն վարչապետի թեկնածուներ, ովքեր կհամապատասխանեն Սահմանադրությանը եւ սրբազանի բարձրացրած սկզբունքներին, ինչը նաեւ համաժողովրդական պահանջ է, որ պետք է կուսակցական կամ խմբային հետաքրքրություններ չունենա, կարծում եմ՝ դա հնարավոր կլինի ապահովել, որովհետեւ ինչքան էլ Հայաստանում տարբեր մարդիկ տարբեր խմբերի, կուսակցությունների հետ որքան էլ որ փոխկապակցված են, բայցեւ կան մարդիկ, որոնք որոշակի նեյտրալիտետ ունեն կամ այդ աստիճան փոխկապակցված ու սերտաճած չեն։ Իսկ եթե կլինեն այլ լուծումներ, որոնք կիրառելի կլինեն, խնդրեմ, կարող ենք քննարկել, որովհետեւ իրավաբանությունը նաեւ հնարավորությունների դաշտ է տալիս»:
«Թե ով է լինելու` շատ կարեւոր է, բայց թե ինչ է լինելու` շատ ավելի կարեւոր է»,- ասաց Օրբելյանը։ Անդրադառնալով Բագրատ սրբազանի՝ եկեղեցական լինելուն, նա ընդգծեց․ «Եկեղեցական լինելը, արքեպիսկոպոս լինելը որեւէ առնչություն չունի, եւ դա որեւէ արգելք չի հանդիսանում ընտրվելու համար, ավելին՝ ցանկացած մեկը, ով կփորձի դա արգելել, ապա կմտցնի խտրականություն՝ պայմանավորված դավանանքով, սոցիալական վիճակով, մասնագիտությամբ եւ այլն»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել