ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր իջավ ու հանդիպեց համալսարանի դիմաց հավաքվածներին՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ: Նա ասաց, թե այն, ինչ երեկ հայտարարվել է իր մասին, զրպարտություն է։

Նա դիմելով Բագրատ Սրբազանին, ասաց, որ վիրավորված է, որ իր մասին նման բաներ է տարածել: Երբ Սրբազանն ասաց, որ ինքն ասել է, որ դրան չի հավատում, Ասրիյանը պատասխանեց. «Էդ դեպքում դուք պետք է չասեիք այն, ինչին չեք հավատում»:

Սրբազանը պարզաբանեց. «Երբ երեկ գիշեր տեղեկությունն ինձ բերել են, ես այն ընթերցել եմ եւ ասել եմ, որ հավաստի տեղեկություն չի սա, բայց ես իրավունք չունեմ չճշտելու: Ասել եմ, եթե սա ճիշտ է, ապա դատապարտելի է եթե  սա սխալ է, ես ներողություն եմ խնդրում»:

Պրոռեկտորն ասաց. «Երեկ այն, ինչ ասվել է եկեղեցու բակում, զրպարտություն է: Ես մի քիչ այլ պատկերացում ունեի այն ամենի մասին, ինչ կարելի է մարդու մասին ասել, եւ  ով կարող է դա ասել: Բայց բոլորս կարող ենք սխալվել: 

Երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, այստեղ դեկաններ կան, որոնք կարող են դա հաստատել, հետևապես, որևէ նման հայտարարություն չի կարող լինել»,- ասաց նա։

Ասրիյանն ասաց, որ ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է ու այնտեղ յուրաքանչյուր ուսանողի իրավունքը պաշտպանված է։

Բագրատ Սրբազանն արձագանքեց. «Եթե որեւէ նշույլ անգամ զգացվել է իմ խոսքի մեջ տվյլ տեղեկության հանդեպ, որը ամենահեռավոր աստիճանով ազդել կամ վիրավորել է, ես ներողություն եմ խնդրում: Մենք եկել ենք տեղեկությունը ստուգելու: Ճիշտ քայլ ենք արել՝ առանց մարդկանց թիրախավորելու եւ արատավորելու»

Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ Ասրիյանը երեկ ժողով է հրավիրել դեկանների հետ և հանձնարարել նրանց անպայման արձանագրել բոլոր ուսանողների բացակաները։

«Նա ասել է, որ բոլոր այն ուսանողներին, ովքեր շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել, և հավելել է, որ պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը։

«Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»,- մասնավորապես հայտարարել է Էլինա Ասրիյանը»,-գրել էր «168.am»-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել