Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ և վստահեցրել, որ Անկարան կշարունակի աշխարհին տեղեկացնել նրա կատարած հանցագործությունների մասին։

«Մենք կշարունակենք [ՄԱԿ-ի] Միջազգային դատարան ներկայացնել Իսրայելի հանցագործությունների ապացույցները, ինչպես արդեն արել ենք: Մենք շարունակելու ենք բացահայտել ճշմարտությունը և խոսել Իսրայելի իրականացրած սպանությունների մասին։ Թող բոլորը հասկանան, որ Նաթանյահուն մեր ժամանակների Հիտլերն է, և նրա հանցակիցները չեն կարող խուսափել պատասխանատվությունից։ Վաղ թե ուշ արդարությունը կհաղթի, եթե ոչ դատարանում, ապա պատմության առջև»,- Էրդողանի խոսքն է մեջբերում  TRT հեռուստաընկերությունը։

Էրդողանը կրկին խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում՝ հայտարարելով «աննախադեպ զանգվածային սպանությունների և Գազան ամբողջությամբ ոչնչացնելու փորձերի» մասին։ «Մենք չենք կարող մեզ թույլ տալ մի կողմ քաշվել։ Անհրաժեշտ են ՄԱԿ-ի մեխանիզմներով ակտիվ քայլեր՝ սրան հակազդելու համար»,- ասել է նախագահը։

Բացի այդ, թուրք առաջնորդը ուշադրություն է հրավիրել Գազայում աշխատող լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա «իսրայելական հարձակումների վրա»։ Ըստ նրա, սա չափազանց մտահոգիչ է Թուրքիայի համար և Իսրայելի կողմից պաղեստինյան անկլավում «ջարդերի հետքերը ջնջելու և ցեղասպանության ապացույցները ոչնչացնելու» փորձ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել