Կարող եմ…մի օր…


14:04 , 24 հոկտեմբեր, 2013

...
Ես դադարում եմ հանգերի վերածել ամեն նոր լուսաբացը:
Չեմ հիանում էլ մայրամուտով. ուղղակի նայում եմ:
Երազներիս միջից խարխափելով` դեպի ինձ ես գալիս: Մեկնում ես ձեռքդ ու սպասում. կբռնե՞մ, կօգնե՞մ քեզ մոտենալ ինձ:  Իսկ ես հիշում եմ հուսահատ, շնչակտուր քայլերս, կիլոմետրերն ու քո օծանելիքի սպանիչ բույրը: Ուզում էի գրկել քեզ, բայց անտանելի դողը մատնում էր գիշերային քամու անհարկի ներկայությունը: Սահեցնել մատներս դեմքիդ վրայով, հպվել շրթունքներիդ և աչքերով գոռալ. “դու ես”… չկարողացա…
Ես ուղղակի դադարում եմ խոսել այն լռության հետ, որտեղ շունչդ կա, որտեղ կաս դու: Այնքան հեռու, այնքան նման բոլորի սովորական հեռավորությանը:
Մոռանում եմ, որ հպարտ եմ ու դարձյալ սկսում եմ քայլել: Բռնում եմ ձեռքդ և նայում ուղիղ աչքերիդ մեջ: Ինչի՞ են աչքերդ օգնություն խնդրում: Ինչի՞ է քեզնից բխած զգացմունքն այսքան անօգնական, ինչի՞…Ինչի՞ ես դու այսքան կարևոր…
Մատներով խզբզբում եմ նոր արևածագ՝ վառ, լուսավոր… Եվ ամեն լույսի հատիկում պահում քո անունը…
Կկարողանամ…