Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը
09:45 , 28 հուլիս, 2026
Երեկ՝ հուլիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկում երեխայի դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետ Արսեն Ոսկանյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և քրեական ոստիկաններն ու իրավապահները նշված վագոն-տնակի կողքին հայտնաբերել են 6-ամյա աղջնակի մարմին։
Դեպքի մասին ոստիկանության Բազումի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել է քույրը։