15:56 , 22 հուլիս, 2026168.am-ը գրում է․
Ռուսաստանում շարունակվող վառելիքի սուր ճգնաժամի պայմաններում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր պնդել է, թե այդ բարդությունները ժամանակավոր բնույթ են կրում։
«Կրկին ցանկանում եմ ընդգծել, որ այն դժվարությունները, որոնք մեզ համար ստեղծում են վառելիքի շուկայում, անշուշտ, ժամանակավոր բնույթ են կրում և ի վիճակի չեն ազդելու տնտեսական դինամիկայի վրա», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ղեկավարը՝ բացելով տնտեսական հարցերին նվիրված խորհրդակցությունը։
Վերջին շաբաթներին ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների, մասնավորապես՝ նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարձակումների հետևանքով Ռուսաստանում վառելիքի սուր պակաս է առաջացել, որն ուղեկցվում է բենզալցակայաններում երկար հերթերով, բենզինի գների ռեկորդային աճով, հերթերում ժամերով սպասող ռուսաստանցիների միջև միջադեպերով, անգամ՝ ֆիզիկական բռնության դեպքերով։
Պաշտոնական Կիևը պնդում է, որ կարողացել է լրջորեն վնասել կամ ամբողջությամբ շարքից հանել Ռուսաստանում գործող 38 նավթավերամշակման գործարաններից 16-ը։
Երեկ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքանդր Նովակը պնդել էր, թե «իրավիճակը վառելիքի ներքին շուկայում մասամբ կայունացել է»։
Միջազգային լրատվականները մի քանի շաբաթ առաջ հաղորդեցին, որ Ռուսաստանը սկսել է ծովային ճանապարհով բենզին ներմուծել Հնդկաստանից։
Հաղորդվում է նաև Բելառուսից բենզինի ներծոման մասին։ «Ведомости»-ն, հղում անելով Գների ինդեքսների կենտրոնի տվյալներին, գրում է, որ հունիսի 1-ից 25-ը Բելառուսից Ռուսաստան է մատակարարվել 141,000 տոննա բենզին՝ գրեթե 2.5 անգամ ավելի, քան ամբողջ մայիսի ընթացքում։ Անցյալ տարվա հունիսին ներմուծումը կազմել է ընդամենը 1000 տոննա։