Զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն․ ՊԵԿ (տեսանյութ)


11:45 , 20 հուլիս, 2026

ՀՀ ՊԵԿ հետաքննության  և օպերատիվ հետախուզության վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի` Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օ․ Ք․» ՍՊ ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի կենտրոն կամ խաղատուն, գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում: Այս ամենի հետևանքով ընկերության պատասխանատու անձանց կողմից թերհայտարարագրվում են իրացման իրական շրջանառությունները, ինչի արդյունքում պակաս են հաշվարկվում բյուջե վճարվող հարկային պարտավորությունները։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, որպես հաճախորդներ կապ են հաստատել ընկերության համապատասխան աշխատակիցների հետ՝ ընկերության կողմից կազմակերպվող միջոցառումների փաստացի գնացուցակին ծանոթանալու նպատակով: Վերջիններս, չգիտակցելով այն հանգամանքը, որ հաճախորդները հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության քողարկված աշխատակիցներ են, հայտնել են միջոցառումների իրական գնացուցակի տվյալները, միաժամանակ տեղեկացրել են, որ անկախ հյուրերի քանակից, սրահը տրամադրվում է 12 մլն․ ՀՀ դրամից ոչ պակաս արժեքով։