14:56 , 18 հուլիս, 2026Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս Հայաստանում հանգստի վայրեր, լեռնային կամ զբոսաշրջային գոտիներ այցելելիս առաջնորդվել ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական կանխատեսումներով։
Լևոն Ազիզյանի տարածած հայտարարության մեջ ընդգծվում է․
«Վերջին օրերին հաճախ ենք արձանագրում դեպքեր, երբ տարբեր բջջային եղանակային հավելվածներ, հատկապես Հայաստանի լեռնային և տուրիստական գոտիների համար, կանխատեսում են անձրև, մինչդեռ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումներով տվյալ տարածքներում տեղումներ չեն սպասվում։
Այս տարբերությունները պայմանավորված են նրանով, որ եղանակային հավելվածների մեծ մասը հիմնվում է գլոբալ կանխատեսման մոդելների վրա և չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու տեղական առանձնահատկությունները։
Հայաստանի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումները կազմվում են օդերևութաբանական կայանների դիտարկումների, արբանյակային դիտարկումների բարձր լուծաչափով տարածաշրջանային մոդելների, և օդերևութաբանների մասնագիտական վերլուծության հիման վրա, ինչը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ կանխատեսել սպասվող եղանակային պայմանները։
Եթե ծրագրում եք այցելել հանգստի վայրեր, լեռնային կամ զբոսաշրջային գոտիներ, խորհուրդ ենք տալիս առաջնորդվել ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական կանխատեսումներով»,– «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կենտրոնի տնօրենը։
Կանխատեսումներին կարող եք հետևել ArmHydromet բջջային հավելվածում, ինչպես նաև պաշտոնական կայքում՝ meteomonitoring.am։