10:24 , 15 հուլիս, 2026Կարո Բաղդասարյանը Կարբի համայնքի ղեկավար է ընտրվել 2012թ․-ի սեպտեմբերին։ Չնայած օրենսդրական արգելքին, համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում՝ 2014թ․ փետրվարին, հիմնել է «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ն եւ սկսել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ Գրում է Հետքը։
Շինարարական գործունեություն իրականացնող այս ընկերության 50% բաժնեմասը պատկանում է հենց նրան, 40%-ը՝ հորեղբորորդու՝ ներկայում Աշտարակ համայնքի ավագանու անդամ Արա Բաղդասարյանի կնոջը՝ Մերի Խաչատրյանին, 10 %-ն էլ՝ իր եղբորը՝ Վահե Բաղդասարյանին։
«ՏԻՄ մասին» օրենքով ձեռնարկատիրական գործունեությունն անհամատեղելի է համայնքի ղեկավարի պաշտոնի հետ և պաշտոնավարումը վաղաժամ դադարեցնելու հիմք է։ Սակայն ՀՀԿ-ական համայնքապետը ևս մեկ անգամ վերընտրվել է և պաշտոնավարել մինչև 2021թ․-ը, մինչև Կարբին Աշտարակ խոշորացված համայնքում ներառելը։
Կարո Բաղդասարյանի ընտանիքին է պատկանում նաև «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտին։ Կարբի ձորում, Քասախ գետի ափին գտնվող մեծածավալ ենթակառուցվածքներով բացօթյա այս համալիրը Կ․ Բաղդասարյանը նույնպես 2014թ․-ին է ձեռք բերել (հանգստի գոտին պետական ռեգիստրում գրանցվել է 2019թ․ մայիսին)։ Պաշտոնապես ընկերության 100 % բաժնետերն ու գործադիր տնօրենը մյուս եղբայրն է՝ Արթուր Բաղդասարյանը։ Այնուհետև «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտին ընդլայնելու նպատակով շարունակել է հողեր ձեռք բերել և՛ մասնավորից, և՛ համայնքից։
Կարո Բաղդասարյանը 2013թ․ դեկտեմբերին, երբ Կարբի համայնքի ղեկավարն էր, աճուրդ–վաճառքով Քասախ գետի ափից 7235 քմ հողամաս է վաճառել իր աներձագին՝ Էդգար Հայրապետյանին։ Հողամասը «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտու շարունակությունն է։ 2014թ․ սեպտեմբերին Էդգար Հայրապետյանը 7235 քմ հողամասը բաժանել է երեք մասի և նույն ամսին 1876 քմ-ը վաճառել է համայնքի ղեկավարի հարազատ եղբորը՝ Վահե Բաղդասարյանին և հորեղբոր որդուն՝ Արա Բաղդասարյանին։ Մյուս՝ 1847 քմ և 3513 քմ մակերեսով հողակտորները, 2015թ․ հունվարին վաճառել է Կարո Բաղդասարյանի մտերիմին՝ Արման Ահարոնյանին։ Վերջինս այդ ժամանակ Կարո Բաղդասարյանի ընկերության՝ «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի տնօրենն է եղել։
«Ավանգարդ Կարբի» համալիրի շարունակությամբ գտնվող հողամասը Կարբի համայնքի նախկին ղեկավար Ֆրունզիկ Նազարեթյանը 2010թ․-ին աճուրդով վաճառել էր եղբորը՝ Աղվան Նազարեթյանին և Կարբի գյուղի բնակիչ Գևորգ Եսայանին։
Եսայան եղբայրներից Օնիկ Եսայանը մեզ պատմեց, որ 2014թ․-ին ցանկացել են տարածքը ցանկապատել և աշխատանքներ կատարել։ «Պարզվեց, որ տարածքը մերը չէ, մերը տեղափոխվել է ժայռի վրա։ Եղբայրս փորձել է պարզաբանում ստանալ Կարո Բաղդասարյանից։ Նա ասել է՝ հողամասը մերն է, դուք ինչ գիտեք՝ գնացեք արեք»,- ասում է Օնիկը։
Հողի սեփականատեր Գևորգ Եսայանը 2014թ․-ի դեկտեմբերին դիմել է դատախազություն, հայտնել է, որ 2010թ․ սեպտեմբերի 18-ին Կարբիի համայնքապետարանից աճուրդով 5,5 հա հողատարածք է գնել։ Քասախ գետի աջ ափին գտնվող իր հողամասը 2014թ․-ին ցանկապատելու ընթացքում պարզել է, որ հողատարածքի կոորդինատները չեն համապատասխանում 2010թ․-ին գնած հողատարածքի տվյալներին։ Իր հողամասի հատակագծով հողատարածքի չափերը ձգվել են Քասախ գետի ափից մինչև դիմացի ժայռերը։ Այժմ, հողատարածքի չափերը պահպանելով, իրեն հետ են մղել դեպի ժայռերը։
Մինչև գնելը այդ հողատարածքն իր հայրը 25 տարով վարձակալել էր համայնքապետարանից։ Վարձակալելուց 8 տարի անց որոշում են գնել հողամասը։ Վարձակալության պայմանագիրը լուծելուց հետո Կարբի համայնքի այդ տարիների ղեկավար Ֆրունզիկ Նազարեթյանը աճուրդ-վաճառք է կազմակերպել։ Հողամասը կիսվել է երկու հավասար հողաբաժինների՝ 2․525 հա մակերեսով, և դրանք գնել են Գևորգ Եսայանն ու համայնքապետի եղբայր Աղվան Նազարեթյանը։ Դրանից երկու տարի հետո Ա․ Նազարեթյանը 512 հազար դրամով գնած հողատարածքը 65 000 դոլարով վաճառել է Գևորգ Եսայանին։
«Մենք 70 հազար դոլար վարկ էինք վերցրել ա՛յդ հողը գնելու համար և ոչ թե ժայռը։ Արդեն չէինք էլ կարող վարկից հրաժարվել, որովհետև մեր անշարժ գույքերը բանկում գրավադրել էինք։ Գումարը պետք է վճարեինք, որ մեր գույքը չկորցնեինք։ Ստացվում է, որ երկար տարիներ վարկ էինք մարում մի գույքի համար, որն ասում են՝ ձերը չէ»,– ասում է Օնիկ Եսայանը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։