Նիկոլին թվում է՝ ինքը հավերժ է
16:42 , 10 հուլիս, 2026
Պրեզիդենտի հետ հանդիպմանը շնորհակալութուն հայտնելով նրան՝ Կառավարութնանն աաջակցելու համար՝ Նիկոլը հայտարարել է.«Մի բան ակնհայտ է, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում անշրջելի է: ժողովրդավարություն ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իհարկե, մտահոգիչ է, որ ժողովրդից իշխանությունը վերցնելու փորձեր են դրսևորվել, բայց նաև կարևոր է, որ այնուամենայնիվ, այդ դրսևորումներն ի վիճակի չեն եղել իրենց համար ցանկալի արդյունքների հասնել: Ընդհակառակը՝ մեզ համար բացահայտել են դաշտը, և մենք ավելի հասցեական և արդյունավետ կարող ենք գործել, որպեսզի հետագա ընտրություններում նմանօրինակ երևույթները բացառվեն»:
Հայաստանում ժողովրդավարության անշրջելիության մասին Նիկոլի խոսքն ուղիղ պնդում է այն մասին, թե իր իշխանությունն իբր լինելու է հարատև, և նույնիսկ այն, որ աշխարհում նկատվում է ժողովրդավարության հետընթաց, իսկ այդ պրոցեսը հատկապես շոշափելի է Հայաստանում, Նիկոլին չի հուզում, ավելին՝ ՔՊ-ի դեմ քաղաքական պայքարը նա որակում է՝ պայքար ժողովրդավարության դեմ այն դեպքում, երբ Հայաստանում ժողովրդավարության մակարդակը համեմատելի է միայն երրորդ աշխարհին պատկանող երկրներում առկա իրավիճակի հետ, և դա՝ բացառապես իր մեղքով: Բայց հատկապես ցինիկ է հնչում Նիկոլի այն միտքը, թե ժողովրդից իշխանությունը վերցնելու փորձեր են դրսևորվել. նկատի ունի ընդդիմության կողմից իշխանությունների դեմ պայքարը, որը նա հռչակում է պայքար՝ ժողովրդի դեմ, ինչն ուղղակի աբսուրդ է ու վկայում է Նիկոլի հոգում բուն դրած անհաղթահարելի նարցիսիզմի մասին, որի զոհն ենք դարձել բոլորս. ցանկացել է ժողովրդավարության պաշտպանության լոզունգների ներքո արդարացնել ընդդիմադիր դաշտի նկատմամբ իրագործվող տեռորը՝շատ լավ հասկանալով այդ ամենի՝ օրենքի, իրավունքի ու մարդկային բարոյականության հետ ունեցած կոնֆլիկտի ամբողջ խորությունը։