Ակնկալում ենք, որ ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների առաջընթաց զարգացումը. Միշուստինը՝ Փաշինյանին


16:29 , 6 հուլիս, 2026

Ակնկալում ենք, որ ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների առաջընթաց զարգացումը: Այս մասին Եկատերինբուրգում ընթացող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ՌԴ կառավարության ղեկավարը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, ընդգծել է, որ սա վերջինիս առաջին արտասահմանյան այցն է՝ Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո։

«Ակնկալում ենք, որ ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների առաջընթաց զարգացումը՝ բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի ոգով։ Չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտությանը՝ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում»,- նշել է Միշուստինը՝ հավելելով, որ ռուսական ընկերություններն ակտիվորեն ներգրավված են Հայաստանի հանքարդյունաբերության, էներգետիկայի, մեքենաշինության և թվային տնտեսության ոլորտներում։

ՌԴ վարչապետը կարևորել է ռուս ներդրողների համար հարմարավետ ռեժիմի պահպանումը և նրանց իրավունքների պաշտպանությունը։

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ «Իննոպրոմ» ցուցահանդեսն անվանելով համագործակցության հարթակ։

«Այս հանդիպումը շատ լավ առիթ է մեր հարաբերությունների օրակարգի ողջ սպեկտրը քննարկելու և, ինչպես ասում են, ժամացույցները ճշգրտելու համար։ Վերջին ժամանակներս որոշ խնդրահարույց հարցեր են ի հայտ եկել, հուսով եմ՝ կքննարկենք և կլուծենք դրանք»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը վերահաստատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության կարևորությունը։

«Մենք տրամադրված ենք կառուցողական՝ քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերն ու նրբությունները։ Հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցեր»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող լայն հարցեր։