Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան


11:22 , 27 հունիս, 2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը, որովհետև ընդդիմությունը համատարած ընտրակաշառք է բաժանում։ Այս մասին Սահմանադրական դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Լրագրողի հարցին՝ եթե լսեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հեռախոսազանգերը, ըստ Գալյանի, ի՞նչ կլսեին, նա պատասխանել է՝ ի՞նչ գիտեք, որ չեն լսել:

«Երևույթը, որին մենք ականատես ենք եղել, այսպես ասած, տեղի է ունեցել ընդդիմության ջանքերով։ Ասում եք՝ ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող: Վստահաբար չկա, թե չէ կլիներ, որովհետև այս իշխանության օրոք, գործող պաշտոն զբաղեցնող անձինք զրկվել են իրենց պաշտոնից ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ՝ պատիժ կրելու կամ կալանավորվել են:

Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին: Արդեն իրոք հերիք է, հերիք է ցույց տալ, որ մենք ապրում ենք այլ իրականությունում, սա է մեր իրականությունը: Սա մի իրականություն է, որտեղ ընդիմությունը բաժանել է կաշառք, դրա վերաբերյալ կան բազմաթիվ պնդումներ, քրեական գործեր: Կհաստատվեն դեպքերը, թե ոչ, կերևա դատարանում»,-նշել է Արդարադատության նախարարը: