11:53 , 27 հունիս, 2026Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը. նա 84 տարեկան էր։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Հայաստանի երաժշտական արվեստի պատմության մեջ իր ուրույն տեղ ունեցող երգչուհին ծնվել է 1942 թվականին` Սևանում։ Նրա ստեղծագործական կենսագրությունը սերտորեն կապված է հայկական էստրադային երգարվեստի ոսկեդարի և միջազգային ամենահեղինակավոր բեմերի հետ։
Ռաիսա Մկրտչյանի մասնագիտական ուղին սկսվել է դասական երաժշտական կրթությամբ. 1963-1968 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, 1968 թվականից սկսել է իր երկարամյա և բեղմնավոր գործունեությունը որպես Հայաստանի հեռուստառադիոպետկոմի էստրադային նվագախմբի մենակատար՝ դառնալով հանրապետության ամենասիրված ձայներից մեկը։
Երգչուհու ձայնով կյանք են ստացել հայ և օտարազգի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նրա հարուստ երգացանկում իրենց տեղն են գտել Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Մելիք Մավիսակալյանի, Նիկոլայ Պետրովի, Մուրադ Կաժլաևի և այլոց հանրահայտ գործերը։
Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ ձայնագրվել է ավելի քան 400 երգ։ Այս հսկայական ժառանգության զգալի մասն այսօր էլ պահպանվում է Հայաստանի Հանրային ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի Ոսկե ֆոնդում։ Նա հայկական էստրադայի երգերը հասցրել է ընդհուպ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» և «Քարնեգի Հոլ»։