Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան


12:15 , 24 հունիս, 2026

Այսօր օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով, մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է: Այս մասին սպասվող ջերմաստիճանի մասին ասուլիսի ընթացքում ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Առաջիկա օրերին, այսօրվանից սկսած մինչև հունիսի 27-ը ներառյալ, Հայաստանը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես շատ ակտիվ կլինի հունիսի 24-ին և հունիսի 28-ին: Հունիսի 24-27 ընկած ժամանակահատվածում հատկապես գիշերը և երեկոյան ժամերին Հանրապետության շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կրկին կտեղա կարկուտ:

Այս ցիկլոնը իր հետ բերել է ցուրտ օդային հոսանքներ, և այսօր Հանրապետության ողջ տարածքում ցերեկային ժամերին երեկվա համեմատ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով, Հայաստանի ամենատաք գոտիներում չի գերազանցի 30 աստիճանը: Հունիսի 28-ից սկսած այս ցիկլոնը կկորցնի իր ուժը և տեղումները ժամանակավորապես կդադարեն, որոշակիորեն կնահանջեն նաև ցուրտ օդային հոսանքները և հունիսի 28-30 ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով»,- նշել է Սուրենյանը: 

Ըստ Սուրենյանի՝ 2026 թվականի և գարունը, և հունիսը կլիմայական առումով բացառիկ ամիսներ էին, որովհետև 5 ամիս շարունակ՝ հունվարից մինչև մայիս, Հանրապետության տարածքում տեղումների քանակը եղել է նորմայից ավելի:  

Անդրադառնալով հուլիս ամսի կանխատեսումներին՝ Սուրենյանը շեշտել է, որ ունենալու ենք ոչ շատ շոգ, և բավարար տեղումներով հուլիս. «Հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի»: