Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ford Transit»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ «Ford Transit»-ը գլխիվայր հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 11 վիրավոր (Photo, Video)


11:12 , 22 հունիս, 2026
Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակերտ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում։ 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 11 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մի քանիսին «Թալին» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված տարբեր հիվանդանոցներ։