16:12 , 9 հունիս, 2026168.am-ը գրում է.
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզում Շիկահողի արգելոցում ծառերի հատման հարցը` նշելով, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, Ներքին Հանդ գյուղի մոտ գտնվող արգելոցի մասին է:
«Երբ ինժեներական ամրաշինական կառույց է ստեղծվում այնտեղ, որտեղ պետք է ծառ կտրել, այն հատվում է։ Այնտեղ, որտեղ պետք է արհեստական, ոչ պայթուցիկ պատնեշ կառուցել ծառահատմամբ, դա իրականացվում է», –ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Ասրյանը։
Հարցին, թե ինչո՞ւ նման գործողությունների անթույլատրելիության մասին հրապարակային հայտարարություններ չեն հնչում հայկական կողմից, և դրանք քաղաքական խողովակներով փոխանցվո՞ւմ են արդյոք Ադրբեջանին, Ասրյանն առաջարկեց դիմել համապատասխան կառույցներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շիկահողի արգելոցում անտառային էկոհամակարգերին վնաս հասցնելու փաստի առթիվ քրեական վարույթ չի հարուցվել:
Ընդ որում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խուսափում է «հատումներ» բառից՝ նախընտրելով իրավիճակը բնութագրել այսպես` «արգելոցի անտառային էկոհամակարգերը սահմանամերձ որոշ շրջաններում որոշակի վնասներ են կրել 2021 թվականի ռազմական հակամարտության հետևանքով»։
ՀՀ ԶՈւ ԳՇ պետն անդրադարձավ նաև ադրբեջանցիների կողմից Ջերմուկի դիրքերում իրականացված ամրաշինական աշխատանքներին։
«Ամրաշինական աշխատանքների իրականացումն ինժեներական ապահովման տեսակի բաղկացուցիչ մաս է, որը զորքը այս կամ այն վայրում տեղակայվելիս պետք է իրականացնի, իսկ մեր պարտքն է այդ մասին ահազանգելը»,– ասաց Ասրյանը։
Նա դժվարացավ ասել, թե ադրբեջանցիներն ինչքան ամրաշինական աշխատանքներ են իրականացրել։
«Մտահոգիչն այն է, որ նրանք գտնվում են ՀՀ տարածքում, և բազմիցս ասել ենք, որ սահմանազատման և սահմանագծման արդյունքում աշխատելու ենք վերականգնել ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականությունը»,– ընդգծեց նա։