17:47 , 8 հունիս, 2026
Մինչ Նիկոլին շնորհավորանքներ են հղում աշխարհի տարբեր տեղերից (Մոդին ևս շնորհավորել է Աշոտիկի «պապային»), ՌԴ-ից հնչել է ոչ միանշանակ արձագանք. Պեսկովը հայտարարել է՝ Մոսկվան արձանագրում է հաղորդագրություններն այն մասին, որ Հայաստանում կայացած ընտրություններում եղել են բազմաթիվ խախտումներ՝ սպասելով Հայաստանում կայացած ընտրությունների վերջնական արդյունքներին:
ՌԴ-ի ու Նիկոլի միջև գոյություն ունեցող «քիմիայի» մասին տարբեր վերլուծություններ ու կարծիքներ կան՝ հաճախ միմյանց հակասող, բայց այն, որ Կրեմլը դեռ չի շտապում շնորհավորել Հայաստանը դեպի ԵՄ առաջնորդել խոստացած Նիկոլին, ինչ-որ բանի մասին, այնուամենայնիվ, վկայում է: Ինչի՞:
Նախ արձանագրենք, որ հապաղումը Մոսկվայի բացահայտ դժգոհության և երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամի յուրատեսակ ցուցիչ է: Խոսելով ընտրախախտումների ու դրանց արձանագրման մասին՝ Պեսկովը հասկացնում է, որ Կրեմլը կարող է և կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները, իսկ եթե դնի, ապա անհասկանալի է, թե ինչպես է Նիկոլն աշխատելու Մոսկվայի հետ այն դեպքում, երբ հայտնի է, որ ՌԴ-ի հետ նորմալ աշխատանքային մթնոլորտի առկայությունը Հայաստանի կամայական ղեկավարի համար գերկարևոր հարց է՝ նկատի ունենալով գետնի վրա առկա իրողությունները: Սա, ի դեպ, նաև ազդակ է՝ ընդդիմադիր ուժերին՝ անցնելու այսպես ասած ռազմավարական սպասման ռեժիմի. դեռ պետք է հասկանալ քաղաքական պրոցես սկսելու դեպքում ինչ իրական արդյունք կարող է լինել կամ չլինել:
Բայց նախևառաջ Մոսկվային երաշխիքներ են պետք հենց Նիկոլից. Կրեմլը թերևս չի գնա իրավիճակի սրմանը, եթե Նիկոլը երաշխավորի, որ չեն արվի ՌԴ-ի կենսական շահերին հարվածող քայլեր նույնիսկ այն դեպքում, եթե Նիկոլի արևմտյան ընկերները դա նրան փորձեն պարտադրել: Բայց արդյոք Նիկոլի նման մեկն առհասարակ կարո՞ղ է տալ երաշխիքներ…