16:21 , 7 հունիս, 2026Առավոտվանից ստացել ենք թվերը, որ մասնակցությունը բարձր է, ես երջանիկ եմ այսօր, որովհետև ժողովրդի քաղաքական ակտիվությունը շատ կարևոր է յուրաքանչյուր պետության համար, մասնավորապես Հայաստանի համար: Այս մասին քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը:
«Այսօր մենք տեսնում ենք՝ ժողովուրդն արթնացել է, զգում է, որ ինքն է որոշում, թե ուր պետք է գնա Հայաստանը, ինչպիսի Հայաստան պետք է լինի և սա ինձ համար շատ երջանիկ փաստ է»,-նշել է նա:
Հարցին՝ բարձր մասնակցությունը ենթադրում է, որ ավելի շատ ընդդիմությունը հնարավորություն կունենա ձայներ ստանալու, թե՞ դա իշխանությանն էլ է ձեռնտու, Մարությանը պատասխանել է.
«Բարձր մասնակցությունն այսպես թե այնպես լավ է, որովհետև ավելի շատ մարդ է մտածում պետության մասին և մտածում են՝ ինչպիսին պետք է լինի Հայաստանը վաղը:
Հաշվի առնելով երկար տարիների փորձը, ես կարծում եմ՝ ընդդիմության ձայներն են, որովհետև իշխանությունն իր լծակները, վարչական ռեսուրսն աշխատացնելով այնպես է անում, որ իր ձայներն այսպես թե այնպես հասնում են տեղ: Այսինքն՝ այս տոկոսն ընդդիմության տոկոսն է, որ գալիս է, բայց նորից եմ ասում՝ իսկապես ինձ համար դա կարևոր չէ, ինձ համար կարևոր է, որ մարդիկ արթնացել են, մարդիկ հավատում են և զգում են, որ իրենցից է կախված Հայաստանի ապագան»,-նշել է նա: