12:56 , 29 մայիս, 2026Armenpress.am-ը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է Տավուշի մարզում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը Դիլիջան քաղաքի հրապարակում իր ելույթի ժամանակ նշեց, որ Հայաստանում ուրախության մթնոլորտ է ձևավորվել, և դա առաջին հերթին խաղաղության շնորհիվ է:
«Այս ընտրություններում ամենակարևոր հարցը հետևյալն է, թե արդյոք Հայաստանի քաղաքացին տեր կանգնելու է այդ խաղաղությանը։ Սա պաշտոնի և աթոռի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն ապագայի և խաղաղության»,-ասաց նա՝ հորդորելով քաղաքացիներին հունիսի 7-ին գնալ ընտրատեղամասեր և տեր կանգնել խաղաղությանը։
Անդրադառնալով մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսին, Փաշինյանը շնորհավորեց բոլորին նոր բանակ ունենալու առիթով՝ նշելով, որ այն, ինչ ցուցադրվել է զորահանդեսի ժամանակ, բոլորը գործարանային են։
«Մենք կառուցել ենք տասնյակ ամրացված շրջաններ և շարունակելու ենք կառուցել, որպեսզի Հայաստանն ունենա պաշտպանունակության ամենաբարձր մակարդակը»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ նախկիններն իրենց մեղադրում էին բանակ քանդելու մեջ, մինչդեռ իրենք էին բանակը քանդված թողել։ «Մեզ ասում էին պատերազմ եք սադրել, բայց իրենք գիտեին, որ պատերազմ են թողել։ 2016 թվականի քառօրյա պատերազմը որևէ թղթով չի ավարտվել, պարզ չի եղել ինչով է ավարտվել այդ պատերազմը։ 2020 թվականի պատերազմը 2016 թվականի պատերազմի շարունակությունն է եղել, և սա է ճշմարտությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՔՊ վարչության նախագահը վստահեցրեց նաև, որ այս իշխանությունն է Սյունիքի մարզն ու Մեղրին փրկել հանձնումից, որը Ռոբերտ Քոչարյանը պլանավորում էր իրականացնել։ «Հոկտեմբերի 27-ն (1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը՝ հարձակում Ազգային ժողովի վրա-խմբ.) արվել է Մեղրին հանձնելու կոնտեքստում, քանի որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն են իրենց կյանքով հետաձգել այդ պրոցեսը։ Դրա մասին հրապարակային վկայություններ կան։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ Մեղրիով միջանցքի թեմա ևս կար և ես հրաժարվել եմ ստորագրել դա, ուրիշ տարբերակ ենք ստորագրել, իսկ դրանից հետո մեր ընդդիմությունը և արտաքին ուժերն ասել են, որ ես միջանցք եմ խոստացել, արդյունքում մենք ունեցանք երկու օր առաջ Միացյալ Նահանգների հետ նախաստորագրված փաստաթուղթը, որը պայթեցրեց այդ բոլոր պնդումները»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1251478