ԱԺ նիստը չկայացավ 104 բացակայի պատճառով. ովքե՞ր են 3 «գերազանցիկները»


12:11 , 29 մայիս, 2026

168.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստն այսօր ևս չկայացավ քվորում չլինելու պատճառով։

Բացակա էին 104 պատգամավորներ, գրանցվել էին ընդամենը 3-ը՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, նախկին ՔՊ-ական, ներկայում անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ ԱԺ կանոնակարգ օրենքով քվորում ապահովվելու համար պետք է լինի առնվազն 54 պատգամավոր։

«Նախընտրական պայքարի այս փուլում պատգամավորներն իրենց բնակավայրերում քաղաքացիներին հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց հաշվետվություններն ու ակնկալելու վստահություն նոր կառավարության կազմման հարցում»,- ասաց Արշակյանը՝ հեռուստադիտողների համար մեկնաբանելով պատգամավորների բացակայությունը;

Հատկանշական է, որ այսօր նիստին գրանցված 3 պատգամավորներն էլ հաջորդ գումարման ԱԺ-ում չեն լինելու։

Հակոբ Արշակյանն արդեն հայտարարել է քաղաքականությունից հեռանալու և մասնավոր հատվածում գործունեություն ծավալելու մասին, իսկ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն իրենց ստեղծած կուսակցությունով ընտրություններին մասնակցող որևէ ուժի նախընտրական ցուցակում տեղ չստացան։