Ոչ ոք չի կարող ՀՀ-ի գեղեցիկ դրոշի փոխարեն մեկ այլ դրոշ ցուցադրել․ ՀՀ-ում Իրանի դեսպանատունն արձագանքել է «Եվրատեսիլ»-ի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն


12:17 , 16 մայիս, 2026

ՀՀ-ում Իրանի դեսպանատունը արձագանքել է իսրայելական հեռուստաալիքով «Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ հայկական դրոշի հետ կապված միջադեպին։

«Ոչ ոք չի կարող ցուցադրել այլ դրոշ՝ Հայսստանի գեղեցիկ դրոշի փոխարեն։ Հայաստանը պատմական և քաղաքակիրթ ազգ է, և Իրանը միշտ եղել է նրա կողքին»,-նշված է X-ի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Իսրայելի պետական Kan 11 հեռուստաալիքը «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ցուցադրել է ադրբեջանական դրոշի ներքո։

«Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցում Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտեմ Չերնամորյանը նշել է, որ միջադեպը լայնածավալ բողոքի և դժգոհության առիթ է հանդիսացել Իսրայելի հայ համայնքում։ Չերնամորյանը կարծում է, որ միջադեպը խմբագրական սխալի արդյունք է, այլ ոչ թե դիտավորյալ սադրանք։

Վերոնշյալ հեռուստաալիքը 2025 թվականին սկանդալի կենտրոնում էր։ Եվրատեսիլի հայ մասնակցի ելույթից հետո հեռուստաալիքի մեկնաբանը հայտարարել է. «Չեմ կարող հավատալ, որ այս տղաներին Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք։ «Survivor»-ը՝ հենց այդպես էլ զգում ենք այս երգը լսելուց հետո»։

Դրանից հետո Հայաստանի հանրային հեռուստատեսությունը կապ հաստատեց Իսրայելի հանրային հեռարձակողի հետ՝ պահանջելով բացատրություն։ Ի պատասխան՝ հայկական կողմը պաշտոնական նամակ ստացավ կորպորացիայի գործադիր տնօրեն Գոլան Յոհպազից, որում ներողություն էր խնդրում մեկնաբանի խոսքերի համար։

Իսրայելի հանրային հեռարձակողը հետագայում նույնպես հրապարակային ներողություն խնդրեց։