ՔՊ-ական իշխանությունն իրեն այսպես է պահում, քանի որ ամբողջությամբ Իլհամի բռի մեջ է


11:23 , 14 մայիս, 2026
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի վանդալիզմի հերթական թիրախն է դարձել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը: Հարցին՝ ինչպե՞ս հավատան մարդիկ, որ խաղաղություն է, եթե Ադրբեջանը շարունակում է նման վարքագիծ դրսևորել, ԱԽՔ Գրիգորյան Արմենը հայտարարել է, թե կարող են լինել տարբեր իրադարձություններ, որոնք հարցեր կառաջացնեն քաղաքացիների մոտ, բայց գործընթացի տեսանկյունից բազմաթիվ արդյունքներ են եղել՝ տանող դեպի խաղաղություն. սահմանին զոհերի բացակայությունը, սահմանամերձ բնակավայրերում կայուն կյանքը ԱԽՔ-ին հրաշալի է թվացել:
 
Ինչպես կարելի է արձանագրել, որևիցե ադեկվատ արձագանք տեղի ունեցածին չի հնչել ու ոչ միայն ԱԽՔ-ի, այլև հայկական պետության կողմից. սրանց համար լրիվ մեկ է՝ Ադրբեջանն ինչ է  քանդում կամ պղծում, վանդալիզմի ինչպիսի դրսևորումներ են լինում: Մինչդեռ եթե նորմալ երկիր ունենայինք, այս դեպքերը կարելի կլիներ վերածել դիվանագիտական հաղթաթղթի ու Ադրբեջանի դեմ ճնշման գործիքի: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կաներ Իլհամը, եթե լիներ մեր փոխարեն, ինչպիսի ոռնոց կբարձրացնեին ամբողջ աշխարհով մեկ՝ պահանջելով արդարադատություն:
 
ՔՊ-ական իշխանությունն իրեն այսպես է պահում, քանի որ ամբողջությամբ Իլհամի բռի մեջ է: Ինքներս մեզ հարց պետք է տանք՝ մեզ նման իշխանություն Հայաստանին պե՞տք է: