15:48 , 4 մայիս, 2026Ռուսաստանի Պետդումայում ասել են, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի միջոցով (որին մասնակցում էր նաև Զելենսկին) Ֆրանսիայի և Հայաստանի իշխանությունները փորձում են բարձրացնել սեփական վարկանիշն ու հանրության ուշադրությունը շեղել «աղետալի պայմաններից»։ «Գազետա.ռու»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչովը։
«Հայաստանը կարող է կրկնել Ուկրաինայի ճակատագիրը, եթե պատմական ուղու սխալ ընտրություն կատարի։ Հարևան երկիրը ռիսկի է դիմում՝ սեփական անձը որպես ուտեստ մատուցելով եվրոպական սեղանին»,— նշել է նա։
Պատգամավորի պնդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերին և տնտեսությանը աջակցելու մասին հայտարարություններն ամբողջովին անբովանդակ են։ Իրականում Եվրոպան միայն ցանկանում է հասկանալ, թե Կիևի ու Երևանի որ ռեսուրսներն է հնարավոր «սեփականացնել»։
«Իրական նպատակը մեկն է՝ աչքակապությամբ զբաղվել և ստեղծել «ամուր միասնության» պատրանք։ Իհարկե, նման միասնությունն անհնար է, քանի որ Եվրոպան չի պատրաստվում ոչ Հայաստանի, ոչ էլ Ուկրաինայի հետ խոսել հավասարը հավասարի պես։ Ինչ վերաբերում է Զելենսկու մասնակցությանը, ապա նշեմ միայն սա. հանդիպելով ահաբեկչական ռեժիմի ոչ լեգիտիմ առաջնորդի հետ՝ Եվրամիության ղեկավարները կասկածի տակ են դնում իրենց իսկ լեգիտիմությունը»,- եզրափակել է Տոլմաչովը։