Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի, իսկ ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի․ Սերժ Սարգսյան


10:26 , 23 ապրիլ, 2026

Tert.am-ը գրում է.

Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի։ Իսկ ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի։ Ասված է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ հայտարարության մեջ։

«Սիրելի՛ ժողովուրդ,

Ես ձեզ դիմում եմ ոչ որպես քաղաքական գործիչ, այլ որպես հայ, որպես մարդ, ում կյանքն ու ճակատագիրն անբաժան են այս հող ու ջրից, այս երկրից։ Մեր կուսակցությունն արդեն հայտարարել է առաջիկա ընտրություններին չմասնակցելու որոշման մասին։ Սա պարզապես քաղաքական դիրքորոշում չէ, այլ միասնական, կշռադատված և փաստարկված որոշում՝ պատմական որոշում։

2018-ի գարնանը, երբ ես և իմ թիմը հեռացանք, մենք դա արեցինք՝ կատարելով ձեր կամքը։ Ութ տարի առաջ իմ հրաժարականի հայտարարությունում ես գրել էի մի նախադասություն, որը տեքստի շահառուներից մեկի խմբագրման և իմ «ոխերիմ» ընկերների հաջորդիվ մանիպուլյացիայի պատճառով փորձեցին դարձնել խարան ինձ համար։

Իմ կյանքի ընթացքում ես ունեցել եմ ճիշտ և սխալ որոշումներ։ Իմ ամենաճիշտ և դժվար որոշումը «իմ իսկ խոստումը դրժելն» ու 2018թ. վարչապետի պաշտոնում առաջադրվելն էր։

Ցավոք, դա նաև իմ ամենամեծ սխալն էր, որովհետև չստացվեց բացատրել մեր ժողովրդին, որ իմ առաջադրման նպատակը բնավ իշխանությունը պահելը չէր, այլ Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր։ Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի։ Իսկ ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի։ Ինձ համար ակնհայտ էր, որ բանակցային այդ փուլում բանակցողի փոփոխությունը, բանակցությունների պատմության զրոյացումը ողբերգական հետևանք է ունենալու. մի բան, որը տեղի ունեցավ։ Ոչ թե որ ես ամենալավ բանակցողն էի, այլ որ խորությամբ ճանաչում էի բանակցություններին մասնակցող բոլոր կողմերին, ունեի ինստիտուցիոնալ հիշողություն ու գիտեի Ղարաբաղի ու հաղթանակի արժեքը՝ որպես այդ հաղթանակը կերտած, այնուհետև այն պահած թիմի անդամ։

Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին։

2018թ. վարչապետ առաջադրվելու արդյունքում ես կորցրեցի շատ բան՝ հասկացված չլինելուց մինչև դրա հետևանքով իմ ժողովրդի կողմից մերժում, բայց տարիների հեռավորությունից կարող եմ վստաh ասել՝ նորից կանցնեի այդ քավարանի միջով, որովհետև ես վստահ էի, որ այդպես կկանխենք որևէ աղետ:

Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետև ժողովուրդը չէր ցանկանում լսել։ Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ։

2018 թվականին ես առաջադրվեցի, որպեսզի երաշխավորեմ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, որպեսզի սահմաններին չլինի արյունահեղություն, ապա հրաժարական տվեցի, որպեսզի սահմանների ներսում թույլ չտամ արյունահեղություն։ Իսկ այսօր՝ իմ հրաժարականից ութ տարի անց, ժողովրդի մի ստվար մաս համարում է, որ Նիկոլի իշխանությունը կա այնքան ժամանակ, քանի դեռ նրա դեմ քաղաքական պայքարի առաջին շարքում «նախկիններն» են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: