Ո՞վ է իրականում մահվան ու ողբի մունետիկը
16:25 , 22 հունվար, 2026
Արձագանքելով ընդդիմադիր պատգամավորներից մեկի՝ավելի վաղ հնչեցրած այն նկատառմանը, որ 2025 թ.-ին բանակում գրանցվել է 30 զոհ՝ Պապիկյան Սուրիկն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ իրականում գրանցվել է 30 մահ, այլ ոչ թե զոհ. այդ 30-ից ոչ բոլորն են զոհեր, իսկ 30 դեպքից 24–ը ծառայության հետ կապ չունեցող դեպքեր են: Միաժամանակ բանակի հերը ներսից անիծող Սուրիկը քաղաքական գործիչներին կոչ է արել չդառնալ մահվան և ողբի մունետիկ. դա «լավ բան չէ»:
Փաստորեն՝ Սուրիկը նախ՝ վարդագույնով է ներկել արյունալի իրականությունը՝ թեթևացնելու իր ու իր վերադասի մեղքը, ապա՝ զարմանք հարուցող կոչ է հնչեցրել մի դեպքում, երբ հենց ՔՊ-ական իշխանությունն է մահվան ու ողբի մունետիկն այս երկրում: Մահվան մունետիկ չդառնալու Սուրիկի կոչն առավել ցինիկ է հնչում՝ նկատի ունենալով այն, որ հենց նույն իշխանությունն է պատճառ դարձել պարտությունների, կորուստների և անդառնալի հետևանքների՝ դրանք մատուցելով որպես անխուսափելի պատմական անհրաժեշտություն, միջոց, որի օգնությամբ պետք էր կտրել ռուսական թոկը Նիկոլի վզից։ ՔՊ-ն տեղով մահվան ու ողբի մունետիկ է, իսկ ասվածի ապացույցը ոչ միայն ընդլայնված Եռաբլուրն է:
Մյուս կողմից՝ միանգամայն բնական հարց է առաջանում՝ արդյոք բանակում մահացած զինծառայողի ծնողի համար «զոհ»-ի ու «մահվան» միջև Սիրուկի մտցրած տարբերակումը ինչ-որ բան փոխո՞ւմ է, արդյոք իշխանական «կռտուտիտները» ի վիճակի՞ են՝ հետ բերելու մարդկանց հարազատներին, որոնք բանակ են գնացել ողջ, բայց վերադարձել են դագաղների մեջ։ Սուրիկն իսկապե՞ս կարծում է, որ նման կերպ կկարողանա բարոյական ու քաղաքական պատասխանատվությունից խուսափել. մահվան ու ողբի իրական մունետիկը նա չէ, ով բարձրաձայնում է խնդիրը, այլ նա, ով իր անգործությամբ, սխալ որոշումներով կամ պատասխանատվությունից խուսափելով նպաստում է այդ մահերի շարունակականությանը, այսինքն՝ Սուրիկը։