Ալենը ժողվորդի գլխի տակ փափուկ բարձ է դնում
09:26 , 19 հունվար, 2026
ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Սիմոնյան Ալենը հայտարարել է, թե TRIPP-ը նաև անվտանգային համակարգ է, և դա՝ չնայած փաստին, որ ԱՄՆ նախագահը միջազգային իրավունքն ու կարգերն ակնհայտորեն ոտնահարող քաղաքականություն է վարում: Ըստ Ալենի՝ քանի որ ԱՄՆ-ն այստեղ ունի հետարքրություն, քանի որ Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի ԵՄ-ի, Իրանի, ԱՄՆ-ի և մյուսների հետ, անվտանգությունն ամրապնդվում է:
Փաստորեն՝ Ալենը համապատասխան փաստաթուղթը չի կարդացել՝ ֆիքսելու, որ ԱՄՆ-ն կամ կոլեկտիվ Արևուտքը որևիցե անվտանգային պարտավորոթյուն չեն ստանձնել Հայաստանի առաջ: Ալենը փորձել է մանիպուլյացիայի օգնությամբ հանրության մոտ ստեղծել պաշտպանվածության զգացում այն էլ մի դեպքում, երբ իրականում նույն այդ TRIPP-ը Հայաստանի գլխին կարող է այնպիսի չարիք դառնալ, որ ալեններն անգամ իրենց սարսափներում չեն կարող երևակայել՝ հաշվի առնելով, թե քանի տերության շահեր են փոքրիկ Սյունիքում բախվում: Ընդ որում՝ Հայաստանի համար վտանգը կարող է գալ լրիվ անսպասելի տեղից՝ ասենք Իրանից. փորձելով ԱՄՆ-ին բերել տարածաշրջան որպես անվտանգային գործոն՝ Հայաստանը ռիսկի է դիմում՝ կորցնելու Իրանի՝ որպես բնական դաշնակցի վստահությունը։ Եթե Իրանը զգա, որ Հայաստանը դառնում է պլացդարմ հակաիրանական ուժերի համար, նրա չեզոք կամ հայամետ դիրքորոշումը կարող է կտրուկ փոխվել։ Ի դեպ՝ Երևանում Իրանի դեսպանի վերջին կոշտ հայտարարությունները շատ փորձագետներ համարում են ոչ այնքան արձագանք՝ Երևանում տեղի ունեցածղ հակաիշխանական բողոքներին, որքան արձագանք՝ TRIPP-ին կամ Միրզոյան Արոյի ԱՄՆ վերջին այցին:
Իրականում ԱՄՆ-ի հետաքրքրությունը տարածաշրջանում ոչ թե Հայաստանի անվտանգությունն է կամ ասենք տնտեսական բարգավաճումը, այլ Ռուսաստանի և Իրանի թուլացումը, որին է միտված նույն TRIPP-ը: Ալենների քաղաքականության պատճառով այսօր Հայաստանն արդեն իսկ դարձել է շահերի բախման թատերաբեմ, իսկ թե ինչ է տեղի ունենում այն պետությունների հետ, որոնք նման ճակատագրի են արժանանում, հայտնի է բոլորին: