Երևան-Երասխ ավտոճանապարհին բшխվել են «Opel» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ կան վիրшվпրներ
15:29 , 2 հունվար, 2026
Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 62-ամյա Սենիկ Օ․-ի վարած «Toyota Alphard» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Ավետիք Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջին հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականը և տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Վարդան Կարապետյանը և կրտսեր պարեկ Ավետիս Խաչատրյանը։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։