Է՛լ ի՞նչ պետք է տեղի ունենար, որ Հարությունյան Արայիկը խոսելու տեղ չունենար


17:35 , 30 դեկտեմբեր, 2025
Նիկոլի աշխատակազմի ղեկավար Հարությունյան Արայիկը, արձագանքելով այն քննադատությանը, որ պատերազմի օրերին պետական ապարատը լավ չաշխատեց, հարց է բարձրացրել՝ ո՞ր ոլորտում ու հավաստիացրել, որ նման քննադատությունը զուրկ է հիմքերից: «Երբ որ դու մեջն ես և տեսնում ես, թե ոնց ա պետական ապարատն արձագանքում էդ սթրեսային իրավիճակներին և տարբեր խնդիրներ լուծում, դա այդպես չես ասի»,-հայտարարել է Արայիկն ու գովաբանել, մասնավորապես, առոջապահական համակարգը, որը, ըստ նրա, կարողացավ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքար մղել:

ՔՊ-ականների բացառիկությունը գիտե՞ք որն է, այն, որ միայն սրանք են ընդունակ դեմքի լուրջ արտահայտություն ընդունել ու հնչող հարցերին տալ իրականության հետ ոչ մի կապ չունեցող պատասխաններ: Տանուլ տալ պատերազմն ու հետո կանգնել ու պետական ապարատի աշխատանքը գովաբանել կարող են միայն սրանք:

Երբ նույն Նիկոլը իր լայվերից մեկում կոչ էր անում կռվել ցանկացողներին տնից պարագաներ վերցնել ու մեկնել ռազմադաշտ, դա արդեն պետական կառավարման համակարգի կոլապս էր նշանակում. այդ օրերին բացակայում էր համակարգային կոորդինացիան, առկա էր լրջագույն կադրային խնդիր: Աներկբա փաստ է, որ պետական ապարատը պատերազմի օրերին չկարողացավ ապահովել ճգնաժամային կառավարման բարձր մակարդակ, բացակայում էր քաղաքական և ռազմական ղեկավարության միջև ներդաշնակ կապը, Հովհաննիսյան Արծրունը զբաղված էր հանրությանը հիմարի տեղ դնելով ու հաղթանակ խոստանալով և այլն: Է՛լ ի՞նչ պետք է լիներ, որ Արայիկն արձանագրեր այն փաստը, որ պատերազմի օրերին Հայաստանում կառավարումը լիովին տապալված էր:

Ինչ վերաբերում է COVID-19-ին, ապա այստեղ ևս ՔՊ-ական իշխանությունը չունի ոչ մի գլուխ գովալու տեղ. Հայաստանը COVID-19-ից մահացության բավականին բարձր ցուցանիշներ էր գրանցում՝ տարածաշրջանում և աշխարհում բնակչության թվի համեմատ, իսկ համաճարակի սկզբում պետական մակարդակով վիրուսի լրջության թերագնահատումը, երբ Նիկոլն արաղով կորոնավիրուս էր «բուժում», իրավիճակը դուրս բերեց վերահսկողությունից, ինչի արդյուքնում առոջղապահական ողջ համակարգն այնպես ծանրաբեռնվեց, որ միմիայն բժիշկների անձնական զոհողությունների արդունքում հնարավոր դարձավ լայնածավալ աղետից խուսափել:

Այսպիսով՝ ճգնաժամային իրավիճակում ՀՀ պետական ապարատը դրսևորել է ընդամենը ռեակտիվ, այլ ոչ թե պրոակտիվ վարքագիծ՝ գործելով առավելապես իներցիայով, իսկ կառավարման ինստիտուցիոնալ օղակները թերացել են իրենց գործառույթներում՝ երաշխավորելով Իլհամի հաղթանակը՝ ռազմաճակատում: