13:12 , 22 դեկտեմբեր, 2025Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է նոր, ավելի մեծ և ավելի ժամանակակից ավիակիր կառուցելու ծրագիրը, որը կփոխարինի Շառլ դը Գոլ նավին՝ ամրապնդելով Ֆրանսիայի ծովային հզորությունը։ Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, Մակրոնն այս հարցի մասին խոսել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ռազմաբազայում ֆրանսիացի զինվորականներին ուղղված ելույթի ժամանակ։
«Այս լայնածավալ ծրագիրը մեկնարկելու որոշումը կայացվել է այս շաբաթ», – ասել է Մակրոնը՝ հավելելով, որ նախագիծը կխթանի Ֆրանսիայի արդյունաբերական բազան, մասնավորապես՝ փոքր և միջին բիզնեսը։
Մակրոնը նշել է, որ դրա կառուցմանը կմասնակցի 800 ընկերություն։
Նախագահն անձամբ պլանավորում է այցելել նավաշինարան, որտեղ նոր նավը կտեղադրվի 2026 թվականի փետրվարին։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ խոսքը Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Սեն-Նազերի նավաշինարանի մասին է։
Ակնկալվում է, որ ծրագիրը, որը հայտնի է որպես «Porte-Avions Nouvelle Génération» (PANG), կարժենա մոտ 10,25 միլիարդ եվրո (12 միլիարդ դոլար):
Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ նոր նավը շահագործման կհանձնվի մինչև 2038 թվականը, երբ, ինչպես սպասվում է, «Շառլ դը Գոլ» ավիակիրը կհեռանա շահագործումից:
PANG-ը կլինի Եվրոպայում երբևէ կառուցված ամենամեծ ռազմանավը։