Թրամփը Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց է նշանակել


12:26 , 22 դեկտեմբեր, 2025

168.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակել է Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց։ Այս մասին նա գրառում է կատարել Truth Social-ում։

«Ուրախ եմ հայտարարել, որ Լուիզիանայի հիասքանչ նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակում եմ Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց։ Ջեֆը հասկանում է, որ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի մեր ազգային անվտանգության համար և վճռականորեն կպաշտպանի մեր երկրի շահերը՝ հանուն մեր դաշնակիցների և, իհարկե, ամբողջ աշխարհի ապահովության և անվտանգության», – գրել է Թրամփը։

Reuters-ը հայտնում է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք Լենդրին, ով նահանգապետ է դարձել 2024 թվականի հունվարին, պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Դանիայի տարածք համարվող Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ ԱՄՆ նախագահը դա պայմանավորել է անվտանգության նկատառումներով և կղզու հանքային պաշարների նկատմամբ հետաքրքրությամբ։

Լանդրին ևս կողմ է արտահայտվել այս գաղափարին։ Մասնավորապես 2025 թվականի հունվարի 9-ին X սոցիալական ցանցում արված գրառման մեջ նա նշել է․ «Նախագահ Դոնալդ Թրամփը բացարձակ ճիշտ է։ Մենք պետք է անենք այնպես, որ Գրենլանդիան միանա Միացյալ Նահանգներին»։

Գրենլանդիան և Դանիան մշտապես մերժել են այս առաջարկը։