16:38 , 20 դեկտեմբեր, 2025
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լրատվամիջոցը հրապարակել է Ազգային անվտանգության ծառայությունից ստացված փաստաթուղթ՝ պնդելով, թե Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 1980-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։
Հայերեն լրացված այդ փաստաթղթից կարելի է ենթադրել, որ այն գաղտնազերծվել է դեռևս 2001 թվականին։
Առաջին հայացքից հրապարակումը կարող է ներկայացվել որպես անցյալի «մութ էջերի բացահայտում»։
Սակայն քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ վերլուծությունը ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե պատմական արդարության վերականգնման, այլ քաղաքականապես նպատակային կիրառման, եթե չասենք՝ կոնկրետ մարդու և ինստիտուտի դեմ հաշվեհարդարի հետ։
Փաստաթղթի հրապարակման ժամանակահատվածը դժվար է համարել պատահական։
Այն համընկնում է իշխանություն–Եկեղեցի հարաբերությունների սրման փուլին, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ հրապարակումն ունի հստակ քաղաքական շարժառիթ։
Թեև ֆորմալ առումով թիրախավորվում է Եզրաս արքեպիսկոպոսը, իրական հարվածը հասցեագրված է նաև նրա եղբորը՝ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին և, առավել լայն իմաստով, Հայ Առաքելական Եկեղեցուն՝ որպես ինքնուրույն ինստիտուտի։
Եթե տվյալ փաստաթուղթը իսկապես գաղտնազերծվել է 2001 թվականին, ապա առաջանում է հիմնավոր հարց․ ինչո՞ւ է այն շրջանառության մեջ դրվում շուրջ երկու տասնամյակ անց և հենց այս քաղաքական միջավայրում։
Այս ընտրովի հիշողությունը կասկածի տակ է դնում ոչ միայն հրապարակման նպատակը, այլև գործընթացի ինստիտուցիոնալ անաչառությունը։
Նույնիսկ փաստաթղթի իսկությունը ընդունելու դեպքում անհրաժեշտ է արձանագրել պարզ և միանշանակ հանգամանք․ 1986 թվականին ԽՍՀՄ քաղաքացու համագործակցությունը սովետական հատուկ ծառայությունների, այդ թվում ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ, իրավական առումով չի կարող դիտարկվել որպես հանցագործություն։
Այն ժամանակ գործող տոտալիտար իրավակարգի պայմաններում դա ոչ միայն օրինական, այլ հաճախ նաև պարտադրված վարքագիծ էր։
Խիստ խոսուն է նաև այն փաստը, որ գործող իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, հրապարակայնորեն խոստովանել է ԱԱԾ-ի հետ իր համագործակցությունը և, այնուամենայնիվ, շարունակում է պաշտոնավարել՝ առանց որևէ քաղաքական կամ բարոյական հետևանքի։
Սա հստակ ցույց է տալիս, որ խնդիրը անցյալի հետ սկզբունքային հաշվեհարդարը չէ, այլ կոնկրետ անձանց և ինստիտուտների ընտրովի թիրախավորումը։
Արևելյան Եվրոպայի երկրներում կիրառված լյուստրացիան համընդհանուր և օրենսդրորեն կարգավորված գործընթաց էր՝ նպատակ ունենալով հասարակությունը ազատել տոտալիտար անցյալի համակարգային ազդեցություններից։
Այստեղ, հակառակը, գործ ունենք լոկալ, ընտրովի և քաղաքականապես շահագրգիռ գործողության հետ, որը որևէ աղերս չունի ինստիտուցիոնալ լյուստրացիայի գաղափարի հետ։
Ամենալուրջ և վտանգավոր հետևանքը վերաբերում է հենց ԱԱԾ-ին՝ որպես պետական ինստիտուտի։
Գործակալական ցանցի ներկայացուցիչների կամ ենթադրյալ ներկայացուցիչների բացահայտումը քաղաքական նպատակահարմարության սկզբունքով խաթարում է ծառայության հեղինակությունն ու արդյունավետությունը։
Դա վտանգավոր ուղերձ է ապագայի համար․ ցանկացած քաղաքացի կարող է հետ կանգնել անվտանգության մարմինների հետ համագործակցությունից՝ մտավախություն ունենալով, որ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում կարող է դառնալ հրապարակային թիրախ։
Սա արդեն ուղղակի սպառնալիք է ազգային անվտանգության համակարգի կայունությանը։
Տվյալ գործընթացը դժվար է դիտարկել որպես ինքնաբուխ կամ զուտ մեդիա նախաձեռնություն։
Քաղաքական պատասխանատվությունը հանգում է մեկ կենտրոնի՝ Նիկոլ Փաշինյանին, որի կառավարման ընթացքում բազմիցս արձանագրվել են սահմանադրական կարգավորումների անտեսման և իշխանության կամայական կիրառման դրսևորումներ։
Կառավարության վերջին նիստում կոնկրետ խանութ փակելու ուղղակի հրահանգը նույն քաղաքական տրամաբանության արտահայտությունն է՝ իշխանության անձնավորում, կամայականություն և ինստիտուցիոնալ մեխանիզմների շրջանցում։
Ըստ այդմ, գանք եզրահանգման:
Այս այսպես կոչված «բացահայտումը» չի ծառայում ո՛չ պատմական արդարությանը, ո՛չ էլ հանրային շահին։
Այն քաղաքական պայքարի գործիք է, որն ուղղված է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշման ուժեղացմանը, ինքնուրույն ինստիտուտների վարկաբեկմանը և ուժային կառույցների ներգրավմանը ներքաղաքական հաշվարկներում։
Այս մոտեցումը վտանգավոր է ոչ միայն Եկեղեցու, այլև պետականության համար։