16:02 , 19 դեկտեմբեր, 2025
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան մյուս տարվանից սկսած որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ, սահմանային անցակետի հազվադեպ բացում կամ էլ ինչ-որ հումանիտար օգնություն։ Այսինքն՝ ոչ թե իրական հարևանություն ու համագոյացություն, այլ հենց ցուցադրական, բայց բովանդակազուրկ քայլեր՝ ուղեկցվելով սիրուն ու գույնզգույն լուսանկարներով ու վիդեոներով։
Այդ խորհրդանշական քայլերը ունեն մեկ նպատակ. ստեղծել պատրանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը խաղաղություն է ուզում և որ Հայաստանի դե-ֆակտո իշխանության քաղաքականությունը ճիշտ է, հետևաբար՝ նրանք պետք է վերընտրվեն։ Պատահական չէ, որ մեկնաբանելով Թուրքիայի վերջին շաբաթների «հայկական քաղաքականությունը»՝ թուրքական մեդիան ուղիղ գրում է, որ այս ամենը «աջակցության ընտրական ժեստ է» փաշինյանին (տե՛ս կից այդպիսի մի օրինակ)։ Հենց այս համատեքստում է պետք դիտարկել, օրինակ, «ադրբեջանական բենզինի» առաքումը, որը գովազդվում է որպես «խաղաղության» առհավատչյա։ Մինչդեռ դա Հայաստանին թուրքական էներգիայից կախման մեջ գցելու քաղաքականության սկիզբն է։
Հետևաբար առաջիկա վեց ամիսների ընթացքում մենք բոլորս տեսնելու ենք «հայ-թուրքական սիլիբիլիների» բազմաթիվ դրվագներ, սակայն դրանք ոչ միայն լինելու են բովանդակազուրկ, այլև փաստացի սպառնալիք են ու թուրքական միջամտություն մեր ինքնիշխանությանը։ Այդ գործում թուրքական կողմին օգնելու են ոչ միայն տեղական քարոզիչները, այլ բարի դեմքով բազմաթիվ եվրոպացիներ, որոնք «ավետելու են» Հայաստանի թուրքացումը։
Թուրքիան վարում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ՝ փորձելով մեր պետությունը դարձնել իր ազդեցության գոտի։ Ուստի պետք է զգոն լինենք, չտրվենք այդ քարոզին, բացահայտենք ու բացատրենք թուրքական իրական քաղաքականության իրական նպատակները։ Եկեղեցու պաշտպանությունից մինչև քաղաքական հարցեր պետք է բարձրաձայնել, կազմակերպել ու կազմակերպվել։