ՔՊ-ում ինչո՞ւ են մերժել Հայկ Սարգսյանին. «Հրապարակ»


09:06 , 17 դեկտեմբեր, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ գրել էինք, որ ՔՊ վարչությունը մերժել է պատգամավորներ Հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի, եւ Կարեն Սարուխանյանի հայտերը, որոնք պատգամավորության թեկնածություն էին առաջադրել՝ 2026-ի ընտրությունների ցուցակում տեղ զբաղեցնելու համար։

Արդեն քանի օր է, ինչ վարչությունը` Փաշինյանի գլխավորությամբ, քննում է թեկնածուներին, ապա քվեարկում` կա՛մ գրանցում, կա՛մ մերժում: Այս զտումից հետո նոր ցուցակի հերթականությունը կորոշի ՔՊ համագումարը։ Գրել էինք, որ Հայկ Սարգսյանին մերժելու հարցում վճռորոշ են եղել քրեական հեղինակությունների հետ նրա կապերը, աղմկոտ պատմություններին առնչությունը:

Երեկ մեզ պատմեցին, որ մեծ դեր է խաղացել ԱԺ մշտական հանձնաժողովի՝ ամիսներ առաջ կայացած չարաբաստիկ նիստը, որտեղ քննարկվում էր պատգամավորի առաջարկած բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու նախագիծը, եւ կրքերն այնքան էին թեժացել, որ Սարգսյանը ՔՊ-ականներին մեղադրել էր բուքմեյքերների շահերը պաշտպանելու մեջ։ Հիմնական կասկածն ուղղված էր եղել Ալեն Սիմոնյանին, ակնարկը` «Վիվառո»-ի սեփականատիրոջ հետ նրա կապերին:

Նիստից հետո Սիմոնյանը Շիշ բռնողի դեմ վարչությանը դիմում էր ներկայացրել՝ վարքը քննելու, եւ նրան նկատողություն տվեցին: Հիմա նորից են հիշել այդ միջադեպը, վարչության անդամները խիստ քննադատել են, որ նա հրապարակավ անվանարկել է թիմին: Ասել են` դու կարող ես կապեր ունենալ գողականների հետ, մի քանի տարում հարստություն դիզել, բայց չես կարող ՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը ջրի երես հանել։ Սարգսյանի գրանցմանը կողմ են քվեարկել Արմեն Խաչատրյանը եւ Վահագն Ալեքսանյանը։