Մենք հաշվի ենք առնում մեր հարևանների կենսական շահերը․ Ռուբինյանը՝ «Թրամփի ուղու» մասին


14:56 , 16 դեկտեմբեր, 2025

168.am-ը գրում է․

Հայաստանը հաշվի է առնում իր հարևանների բոլոր կենսական շահերը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Թրամփի ուղու» վերաբերյալ Իրանի արձագանքին։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Թրամփի ուղին» փաստացի նույնական է «Զանգեզուրի միջանցքի» նախագծին՝ հավելելով, որ Թեհրանը վճռականորեն դեմ է դրան:

«Բացառվում է՝ Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և չլինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Երկրորդը՝ մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը, և Իրանի դեպքում այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Չենք կարծում, որ այստեղ կա որևէ անհանգստանալու բան»,- ասաց Ռուբինյանը։

Նա հավելեց, որ այս հարցով Հայաստանը մշտապես կապի մեջ է իր գործընկերների հետ։ Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանը, ըստ Ռուբինյանի՝ երկրի պաշտոնական դիրքորոշումը հայտնում է տվյալ երկրի ԱԳՆ-ն, ուստի Հայաստանը հիմնվում է այդ դիրքորոշման վրա, իսկ այս նախագիծը հաշվի է առնում պաշտոնական Թեհրանի կարմիր գծերը։

«Դա ոչ միայն Իրանի, առաջին հերթին Հայաստանի կարմիր գիծն է՝ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու»,- ասաց Ռուբինյանը։

Ինչ վերաբերում է ռուսական կողմի հնարավոր մասնակցությանը կամ ներգրավվածությանը «Թրամփի ուղի» նախագծին, Ռուբինյանը նշեց՝ այդ մասով քննարկումներ չկան։