09:52 , 16 դեկտեմբեր, 2025Hetq.am-ը գրում է.
Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Կառավարության բողոքը՝ արձանագրելով, որ 2020թ. ռազմական դրության պայմաններում հավաքների ազատության և իշխանությունների նկատմամբ քննադատության համատարած արգելքը եղել է ոչ իրավաչափ և չհիմնավորված։ Ստացվում է՝ Կառավարությունը ռազմական դրության քողի տակ ամբողջությամբ արգելել է հավաքները, քննադատությունը՝ առանց որևէ անհրաժեշտության կամ համաչափության հիմնավորման։ Այս մասին գրում է Հետքը։
Ազգային ժողովի պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Վահե Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը 2020թ. նոյեմբերի 23-ին դիմում են ներկայացրել Վարչական դատարան՝ Կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի մի քանի կետեր անվավեր ճանաչելու, նշված դրույթներն ընդունելու պահից ուժը կորցրած համարելու պահանջներով:
Վիճարկվող կետերից մեկով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվել է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Արգելվել է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունվետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը։ Նշված սահմանափակումները չեն կիրառվել պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:
Դիմողները հավաքների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքը ոչ իրավաչափ են համարել և որպես դրա հիմնավորում դատարանին հայտնել են, որ արտակարգ դրության ժամանակ որոշակի իրավունքներ և ազատություններ, այդ թվում՝ հավաքների ազատությունը, կարող են միայն կասեցվել կամ ենթարկվել լրացուցիչ սահմանափակումների, այլ ոչ թե արգելվել: Մինչդեռ, առանց որևէ ողջամիտ ու համաչափ չափանիշների, այդ իրավունքն ամբողջությամբ արգելելն անխուսափելիորեն առաջացրել է ակնհայտ հակասություն Սահմանադրության և օրենքների հետ: Ընդ որում, «սահմանափակում» և «արգելում» եզրույթները միևնույն բովանդակությունը չունեն օրենսդրությունում, այդ թվում՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: