Ձերբակալվել է Լոս Անջելեսում սպանված Ռոբ Ռայների որդին


22:11 , 15 դեկտեմբեր, 2025

Լոս Անջելեսի իր տանը սպանված ամերիկացի ռեժիսոր Ռոբ Ռայների և նրա կնոջ՝ պրոդյուսեր Միշել Սինգեր Ռայների որդին՝ 32-ամյա Նիք Ռայները, ձերբակալվել է ոստիկանության կողմից։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան բանտերի առցանց ռեեստրի տվյալներին։

Նշվում է, որ Նիք Ռայները տեղափոխվել է Լոս Անջելեսի շրջանի բանտ, իսկ նրա համար սահմանվել է 4 միլիոն դոլար գրավ։ Ներկայումս նրա նկատմամբ որևէ կոնկրետ քրեական մեղադրանքի առաջադրման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։ Լոս Անջելեսի ոստիկանությունը Նիք Ռայների ձերբակալության մասին պաշտոնական հայտարարություն չի տարածել։

Ավելի վաղ Variety-ն հաղորդել էր, որ Բրենթվուդում գտնվող տանը հայտնաբերվել են ռեժիսոր Ռոբ Ռայների և նրա կնոջ մարմինները, և դեպքի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում սպանության հոդվածով։

Ռոբ Ռայները լայն ճանաչում է ձեռք բերել որպես դերասան՝ All in the Family սերիալում, իսկ որպես ռեժիսոր նկարահանել է մի շարք հայտնի ֆիլմեր, այդ թվում՝ Stand By Me, When Harry Met Sally, Misery, A Few Good Men, The Princess Bride և այլ աշխատանքներ։