Երևանի դպրոցների մեծ մասում արգելվել է էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը


18:47 , 12 դեկտեմբեր, 2025
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից․
«Դրանց արգելումն ամրագրված է կրթական հաստատությունների ներքին կարգապահական կանոններում:
«Այսպիսի նախաձեռնությունները շատ երկրներում արդեն վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջինում 6–14%-ով բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը:
Բացի դրանից, միայն հեռախոսի առկայությունը, անգամ եթե այն չի օգտագործվում, նվազեցնում է ուշադրության մակարդակը, իսկ սահմանափակման պայմաններում աշակերտները կարողանում են ավելի երկար և ավելի լավ կենտրոնանալ։
Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակներով՝ ուսուցչի հրահանգով՝ դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար»,– նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։