Ոչ միայն նավթամթերք. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվի հետ առևտրի մասին


13:13 , 10 դեկտեմբեր, 2025

Հայաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդ համագործակցության մասին խոսեց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» համաժողովից հետո ճեպազրույցի ժամանակ։ Փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Դեկտեմբերի 6-ին Դոհայում կազմակերպված քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը: Երեկ` դեկտեմբերի 8-ին, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնեց, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի անմաքս տարանցումը որակել է որպես խաղաղության գործընթացին նվիրված ժեստ Թբիլիսիի կողմից։

«Պետք չէ կենտրոնանալ միայն նավթամթերքի վրա, բոլոր տեսակի ապրանքների ապրանքաշրջանառություն պետք է լինի։ Մենք դրան պատրաստ ենք։ «Խաղաղության խաչմերուկը» և խաղաղության մասին բոլոր խոսակցությունները հենց դրա մասին են։ Բոլոր տեսակի ապրանքների մասին է խոսքը, առաջինը ցորենը եղավ։ Որքան շատ լինեն էներգակիրների այլընտրանքային աղբյուրները, լինի դա գազ, լինի գազ կամ այլ բան, այնքան լավ Հայաստանի համար»,- նշեց Սիմոնյանը։