12:44 , 10 դեկտեմբեր, 2025Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու հետ կապված իրավիճակը շատ զգայուն է համարում։ Այս ամբողջ պատմությունը, ըստ նրա, զուտ եկեղեցին եկեղեցու կանոններին համապատասխանելու մասին է։
«Մենք ցանկանում ենք թափանցիկություն, հաշվետվողականություն, համապատասխանություն Հայ առաքելական եկեղեցու կանոններին, ի նկատի ունեմ հոգևորականների համապատասխանությունը, քանի որ չհամապատասխանելու իրավիճակը հոգևորականներին դարձնում է ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ և նրանց, կներեք, որ այսպես եմ ձևակերպում, գործիք դարձնելու արտաքին ազդեցության համար։ Մենք ընդամենը ուզում ենք համապատասխանություն լինի»,- Գերմանիայում այս մասին հայտարարել է նա։
Փաշինյանն ասել է, թե ոչ ոք չգիտի՝ ինչպես է մեր եկեղեցին ֆինանսավորվում, ինչքան գումար է մուտք գործում, ինչպես է այն ծախսվում․
«Գիտեք՝ ամենամեծ խնդիրը որն է, այն, որ բարձրաստիճան հոգևորականներից ոմանք ապրում են ամոթալի շքեղության մեջ, իսկ սովորական եկեղեցականներից ոմանք ապրում են աղքատության մեջ, և դա խնդիր է, դա վնաս է պատճառում մեր երկրի բարոյական մթնոլորտին»։
Վարչապետն ասել է, թե, իբր, ուզում է արժեքահեն հասարակություն լինի, բայց, նրա խոսքով, հնարավոր չէ ունենալ արժեքահեն հասարակություն, երբ մեր արժեհամակարգի էպիկենտրոնը ախտահարված է։
«Մեզ անհրաժեշտ է, որ մեր եկեղեցին մեր հասարակության առաջ թափանցիկ լինի և լինեն գործիքներ՝ ստուգելու հոգևորականների, եկեղեցականների բարեվարքությունը։ Մեր օրակարգը ամբողջովին թափանցիկ է՝ առանց ինչ-որ թաքնված կամ ծպտյալ օրակարգերի»,- վստահեցրել է Նիկոլ Փաշինյանը։
Նա պնդել է, թե ինքը Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է, ըստ այդմ, անհնար է, որ ինքը պայքարի եկեղեցու դեմ։
«Ես Հիսուս Քրիստոսի հավատացյալ եմ։ Վերջերս ես հայտարարեցի, որ Հիսուս Քրիստոսը իմ սիրտն է, և ես չեմ կարող գործել Հիսուս Քրիստոսի դեմ, իմ եկեղեցուն հակառակ։ Դա իմ եկեղեցին է, մեր եկեղեցին է, մեր կառավարության անդամների 90-ից ավելի տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, և մենք ցանկանում ենք, որ եկեղեցին թափանցիկ ու հաշվետու լինի, ազնիվ լինի, արժեքահեն լինի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։