Փաշինյանը Նազիկ Ավդալյանի հետ քննարկել է սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր


18:53 , 8 դեկտեմբեր, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։
Վարչապետը բարձր է գնահատել Նազիկ Ավդալյանի անձնական ներդրումը միջազգային ասպարեզում Հայաստանը լավագույնս ներկայացնելու և մեր երկրում սպորտի զարգացմանը նպաստելու գործում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է և կարևորել այդ ուղղությամբ Նազիկ Ավդալյանի հետ համագործակցությունը։
Ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոնը վարչապետին է ներկայացրել իր կողմից հիմնված «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ծրագրերը՝ նշելով, որ դրանց նպատակն է մարզերում հիմնել մարզադպրոցներ և այդպիսով նպաստել նաև պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը։
Վարչապետն առաջարկել է քննարկել վերոնշյալ ծրագիրը խոշորացված համայնքներում մարզական կենտրոններ հիմնելու Կառավարության ծրագրի հետ համադրելու հնարավորությունը։
Այս համատեքստում, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։