Ազգային ժողովի մոտ բшխվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տпւժшծ
11:27 , 7 դեկտեմբեր, 2025
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի հարևանությամբ բախվել են «Renault» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթին, դրանցից մեկը կոտրել էր խաչմերուկը կարգավորող լուսակիրը, մյուսն էլ՝ երկաթե դարպասի մի հատված:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից «Renault»-ի համարանիշները հաշվառված են ՀՀ նախագահի աշխատակազմում: