11:12 , 6 դեկտեմբեր, 2025Civilnet.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2025-ի սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, արձագանքելով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) անարդյունավետության վերաբերյալ քննադատություններին, պնդել էր, թե ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունները ավելի շատ են վերադարձրել պետությանը, քան պետությունը ծախսել է ֆոնդի վրա։ Այս մասին գրում է Ցիվիլնեթը։
«Երբ որ ասվում է ԱՆԻՖ-ն անարդյունավետ էր, ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,19 մլրդ դրամ, ԱՆԻՖ-ի ստեղծած դուստր ընկերությունները 5,5 մլրդ դրամ հարկերի տեսքով վերադարձրել են պետությանը»,- հայտարարել էր Ավինյանը։ Նա նաև պնդել էր, թե ֆոնդը ներգրավել է 210 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ և նրա գործունեության արդյունքում ստեղծվել է 800 նոր աշխատատեղ։
#CivilNetCheck-ը գնաց Ավինյանի հայտարարության հետքերով։ Ավելի քան երկու ամիս պահանջվեց պետական տարբեր մարմիններից ամբողջական տեղեկատվություն ստանալու համար։ Ի վերջո մեր տրամադրության տակ հայտնված պաշտոնական փաստաթղթերը և աուդիտի ենթարկված հաշվետվությունները բացահայտում են բոլորովին այլ պատկեր։
Որքա՞ն գումար է իրականում պետությունը ծախսել ԱՆԻՖ-ի վրա
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հիմնադրվել է 2019-ին որպես 100% պետական սեփականություն՝ ազգային շահ ներկայացնող ոլորտներում ներդրումներ իրականացնելու, օտարերկրյա կապիտալ ներգրավելու նպատակով։ ԱՆԻՖ-ը 2019-ի վերջին ստեղծել է դուստր՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲ ընկերությունը, որն էլ այնուհետև գրանցել է «Ձեռնարկատեր+ Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը։ Ավինյանը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ է եղել 2019-2023-ին՝ ֆոնդի հիմնադրումից մինչև Երևանի քաղաքապետ նշանակվելը։
Տիգրան Ավինյանի պնդումը, թե ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,19 մլրդ դրամ, հակասում է փաստաթղթային տվյալներին, որոնք ցույց են տալիս, որ 2019-2025-ին ԱՆԻՖ-ին հատկացված գումարների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 21 մլրդ դրամ կամ մոտ 55 մլն դոլար ներկայիս փոխարժեքով։
ԱՆԻՖ-ի կողմից իրականացված ներդրումային ծրագրերը բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ուղիղ ներդրումներ, որոնք իրականացվել են հենց ուղիղ ԱՆԻՖ-ի կողմից, և ներդրումներ «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» դուստր ֆոնդի միջոցով։
Այսպես, Պետական գույքի կառավարման կոմիտեից #CivilNetCheck-ին տրամադրած ԱՆԻՖ-ի աուդիտի ենթարկված հաշվետվությունների համաձայն՝ 2019-2024-ին միայն ընթացիկ գործունեության, աշխատավարձերի և որոշ նախագծերի համար ֆոնդին բյուջեից դրամաշնորհների տեսքով հատկացվել է ավելի քան 8,5 մլրդ դրամ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: