«Tesla»-ի 29-ամյա աղջիկ վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել հայկական վարորդական վկայական․ նոր մանրամասներ` Պռոշյան փողոցի խոշոր վթարից


10:26 , 6 դեկտեմբեր, 2025
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:30-ի սահմաններում Պռոշյան փողոցի թիվ 14 հասցեի դիմացի հատվածում բախվել են Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանի վարած «Tesla» մակնիշի, Շիրակի մարզում հաշվառված 28-ամյա Սևակ Գաֆարյանի «Kia Forte» մակնիշի և Երևանում հաշվառված 21-ամյա Միքայել Շահբազյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Գաֆարյանը տեղում մահացել է, իսկ «Tesla»-ի վարորդ Գ. Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Բախման հետևանքով նշված ավտոմեքենաները բախվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BYD», «Hyundai», «Nissan», «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներին։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի կենցաղային և մարտական հաշվարկներ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են վթարված ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տեղում իրականացրել են հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Tesla»-ի վարորդ Գ. Մանուկյանը դեպքի պահին գտնվել է ոչ սթափ վիճակում և իր մոտ չի ունեցել հայկական վարորդական վկայական։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։