Հայտնի է, թե ինչ մեխանիզմներով են Նիկոլին պատրաստվում վերարտադրել եվրոպացիները


16:10 , 3 դեկտեմբեր, 2025
Հայաստանը և Եվրամիությունը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել, և ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել Հայաստանի աջակցել մի շարք ուղղություններով: Ամենաուշագրավն այն է, որ եվրոպացիները տրամադրում են 15 մլն եվրո՝ իբր խաղաղության և Հայաստանի դիմադրողականության ամրապնդման համար, ինչի վերաբերյալ ուշագրավ հայտարարություն էր արել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կալասը. ուղիղ տեքստով հայտարարել է, որ այդ գումարը տրվում է ՌԴ-ի՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցությունը չեզոքացնելու, տեղեկատվական ու քարոզչական դաշտում Նիկոլին օգնելու, ՔՊ-ին ամրապնդելու, ռուսամետ մեդիային էլ ճնշելու նպատակով: «Մենք տեսնում ենք, որ օգտագործվում են այն նույն ցանցերը, որոնք օգտագործվել են մոլդովայում: Սցենարը նույնն է: Եվրամիության ֆինանսավորումը կօգնի արձագանքել օտարերկրյա միջամտությանը»,-մասնավորապես՝ հայտարարել էր եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

Այս առումով արձանագրենք երկու բան՝ նախ՝ Արևմուտքը մտադիր է ՔՊ-ին աջակցել ամեն կերպ՝ թքած ունենալով Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակի վրա, ապա՝ մտադիր են այստեղ կիրառել Մոլդովայի սցենարը. ինչպես այնտեղ տարբեր ընտրական մանիպուլյացիաներով, ժողովրդի իրական ձայնը ճնշելով հասան արևմտամետ իշխանությունների հաղթանակին, այնպես էլ անելու են այստեղ. Նիկոլի իշխանության հաղթանակը Արևմուտքի համար կենաց-մահու հարց է դարձել, քանի որ կա հստակ ծրագիր՝ ստեղծելու մի այնպիսի նոր աշխարհաքաղաքական պրոյեկտ, որը պետք է սպասարկի Արևմուտքի աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը. ծրագրի մեջ ներառված է ամբողջ Կովկասը:

Նիկոլի համար սա քաղաքական փրկօղակ է. նա երազում է գտնել մի այնպիսի վստահելի աշխարհաքաղաքական «կռիշ», որի տակ կկարողանա պահել իր իշխանությունն ու թալանած միլիարդները: