Մենք գնահատում ենք ԵՄ-ի ցուցաբերած պատրաստակամությունը՝ խորացնելու մեր գործընկերությունը․ Արարատ Միրզոյան


21:12 , 2 դեկտեմբեր, 2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի և ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ մամուլի ասուլիսին նշել է.
«Հետադարձ հայացք գցելով այս ձևաչափով մեր վերջին հանդիպումից ի վեր անցած ժամանակահատվածին՝ կցանկանայի ընդգծել, որ այն նշանակալի ժամանակաշրջան էր մեր գործընկերության համար՝ առանցքային զարգացումներով։
Մինչ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ծառայում է որպես Հայաստան-ԵՄ գործընկերության ամուր իրավական հիմք, մենք մեր հարաբերությունները զարգացրել ենք ՀԸԳՀ սահմաններից անդին՝ հարստացնելով դրանք նոր ուղղություններով։
Այս գործընթացի ընթացքում մենք գնահատում ենք ԵՄ-ի ցուցաբերած պատրաստակամությունը՝ խորացնելու մեր գործընկերությունը՝ ներառյալ այնպիսի գործիքներով, որոնք նախատեսված են ԵՄ թեկնածու երկրների համար։ Սա արտացոլում է փոխադարձ քաղաքական հանձնառությունն ու հետաքրքրությունը։
 Այսպիսով, ուզում եմ անդրադառնալ համատեղ ամենաշոշափելի արդյունքների մի քանի ասպեկտների։
Մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքներ ապահովելու նպատակով մենք համատեղ մեկնարկել ենք Վիզաների ազատականացման երկխոսությունը և տեսնում ենք առաջընթաց՝ ներառյալ Գործողությունների ծրագրի միջոցով։
Պաշտպանական և անվտանգության ոլորտներում ընդլայնված համագործակցություն. Հայաստանը ստացավ Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում օգնության առաջին փաթեթը։
Տնտեսություն և բարեփոխումներ. «Կայունություն և աճ» ծրագիրն առանցքային նշանակություն ունի բարեփոխումների օրակարգն առաջ մղելու, ոլորտային համագործակցությունն ընդլայնելու և հիմնական ռազմավարական ոլորտներում ներդրումների ծավալն ավելացնելու համար։
Փոխկապակցվածություն. արդեն իսկ լայնորեն ընդունված է, որ Հայաստանի՝ տարածաշրջանային կապուղիների ընդլայնման տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը, ոչ միայն լիովին համահունչ է ԵՄ «Համաշխարհային դարպաս»-ին և Սևծովյան ռազմավարությանը, այլև կարևոր օղակ է համապատասխան կապուղիների շղթայում։
Այս ամենը հիմք է նախապատրաստել այն արդյունքի համար, որին հասանք այսօր. մի քանի րոպե առաջ մենք ընդունեցինք նոր՝ Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգը, որը լրացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) և մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։ Եվ սա բացարձակապես մեր հավակնությունների վերջը չէ. ինչպես տեղյակ եք, Հայաստանի խորհրդարանը մարտին ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը»։