Հոգեբանության կամավոր ատեստացիայի մասնակիցները բարձրաձայնում են խնդիրների մասին


14:39 , 1 դեկտեմբեր, 2025
Հարգելի’ վարչապետ պարոն Ն. Փաշինյան, ԿԳՄՍ նախարար տիկին Ժ. Անդրեասյան, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ,
մենք՝ հոգեբանության կամավոր ատեստացիայի մասնակիցներս, բարձրաձայնում ենք սույնով այն խնդիրների մասին, որոնք ի հայտ եկան գործընթացում։ Չնայած որ առաջին անգամ էր հոգեբանների կամավոր ատեստավորման գործընթացը (որը կայացել է սույն թվականի նոյեմբերի 29-ին), առկա էին ակնառու թերացումներ։
Ինչպիսիք են, օրինակ՝ գրքերի նյութի անհամապատասխանությունը․ մեկ գրականությունը չէր փոխլրացնում մյուսին և ստեղծում էր այլակարծություն, որի արդյունքում գրքերը ուսումնասիրող հոգեբանները հայտնվել էին անորոշության մեջ։
Առաջարկվող գրականության մեջ առկա էին ոչ պատշաճ հղումներ (օրինակ՝ Վիկիպեդիա ազատ հանրագիտարան), կային մտքերի աղավաղումներ, գրքերի մտքերը թարգմանելիս չէին տեղայնացվել հայ լեզվամտածողությանը։
Հարցերի պատասխանները տրված չէր ըստ հեղինակի գրքում առկա նյութի, արդյո՞ք դա հեղինակային իրավունքների խախտում չէր, ինչպես նաև մեր մասնակիցներիս իրավունքի խախտում, գլխավորը թողած հարցերը երկրորդականից էին, ինչպես նաև չէին ներառել առհասարակ ընդունված անվանումները օրինակ.՝ Վեբեր-Ֆեխների օրենք(որը գրված էր մուգ տառերով), սրա փոխարեն ճիշտ էին համարել փսիխոֆիզիկայի հիմնական օրենք հասկացությունը, որը մասնագիտական տիրույթում հաճախ չի կիրառվում:
Նաև մեզ չէր ծանուցվել այն մասին, որ ատեստացիան իրականացվելու է թղթային ձևաչափով, և անհրաժեշտ էր ունենալ սև գելային գրիչներ։ Ըստ կանոնակարգի 10 օր առաջ պետք է տեղեկանայինք անցկացման վայրի մասին, սակայն տեղեկացվել ենք 2 օր շուտ:
Ատեստացիայի որոշ կենտրոններում պատշաճ պայմաններ չկային մասնակիցների համար (լսարանը չէր ջեռուցվում)։
Ինչու են պատասխանները ժամը 16:00-ին տեղադրելու փոխարեն տեղադրել ժամը 21:00-ին։ Արդյո՞ք սա անլուրջ վերաբերմունք չէ մասնակիցների նկատմամբ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը այս տարին հայտարարել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի, որի ապահովման կարևոր օղակներից մեկը դպրոցական հոգեբանն է, ով դպրոցում ապահովում է առողջ հոգեբանական, բուլինգից ու բռնություններից զերծ, ներառական ու հավասար միջավայր։ Բայց ինչպե՞ս կարող է հոգեբանը այս ամենը իրականացնել, եթե իր իսկ իրավունքները խստորեն ոտնահարվում են՝
ի՞նչ տրամաբանությամբ է որոշվել այս խտրական մոտեցումը․
հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժը կամավոր ատեստավորման ժամանակ 60–70% արդյունք ցուցաբերելու դեպքում համարվում է ատեստավորված և ստանում է դրույքաչափի փոփոխություն՝ 200.000 դրամ, իսկ նույն հանրակրթության ոլորտի հոգեբանը կամավոր ատեստավորման ժամանակ 60–70% արդյունք գրանցելիս չի ստանում որևէ ֆինանսական փոփոխություն (հավելավճար տրվում է միայն 70%-ից բարձրի դեպքում)։
Խնդրում և պահանջում ենք վերանայել այս խտրական մոտեցումը, չոտնահարել հոգեբանների անձնային ու մասնագիտական իրավունքները, չստեղծել խտրական միջավայր։
Ինչի՞ համար են տրամադրվել 16 անուն գրականություն՝ որպես թեստի կազմման հիմք, եթե թեստերում չեն ներառվել բոլոր գրքերից գեթ մեկ հարց։ Թեստից դուրս են մնացել հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի ամենօրյա աշխատանքին առնչվող թեմաները՝ հոգեբանի պաշտոնային պարտականություններ և գործառույթներ, վարքային խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանք, բռնության ենթարկված երեխաների հետ աշխատանք, պրոյեկտիվ մեթոդներ և այլն։ Տպավորություն է, որ թեստով ստուգվում էր հոգեբանի հիշողության ծավալը, կամայական մտապահումը, այլ ոչ թե պրակտիկ կիրառական գիտելիքները։
Ի՞նչ սկզբունքով է կազմվել «գիտելիքի ստուգման թեստը», եթե հոգեբանը ճիշտ պատասխանում է հարցերի 80–90%-ին, բայց ըստ հաշվարկի հազիվ է հաղթարում անցողիկ շեմը,
մասնավորապես՝ 7 հարցից կազմված առաջադրանքի դեպքում նախ նշված չէ, թե քանի ճիշտ պատասխան ունի հարցը՝ 2, 3, 4 թե 5, և արդյունքում 5 ճիշտ պատասխանի դեպքում, եթե հոգեբանը ճիշտ է պատասխանում 4-ին և բաց է թողնում 1-ը, ամբողջ առաջադրանքը համարվում է 0։
Փաստորեն 4 ճիշտ պատասխանը արժեք չունի, և կարևոր է միայն մեկ սխալը։
Այս մոտեցումը ոչ թե մասնագետի աճին ու զարգացմանը նպաստող՝ այլ ճնշող և ոչ պատշաճ է, հաշվի չի առնվում մասնագիտական էթիկան։
Ատեստացիայի արդյունավետ կազմված լինելու ապացույցը մասնակիցների գրանցած արդյունքներն են։
Միթե՞ 600 հոգեբաններից և ոչ մեկը խորապես չէր տիրապետում հոգեբանությանը։ Իհարկե տիրապետում են։ Իսկ այժմ ունենք պատկեր, որտեղ առավելագույն միավորը 60–69 շեմում է տատանվում, մեկ-երկու հոգեբան՝ մի քիչ ավելի։
Այսպիսով, կամավոր ատեստավորմանը մասնակցած բազմաթիվ հոգեբանների անունից խնդրում և պահանջում ենք.
1. Վերանայել թեստերի կառուցվածքը ու գնահատման համակարգը (15-30 հարցերի ամեն ճիշտ պատասխանի համար նախատեսել 1 միավոր) և չեղարկեք այս թեստը հաղթահարելի շեմը չանցած բազմաթիվ հոգեբանների համար ու կազմեք նոր՝ կրթության հոգեբանին վերաբերվող թեստ,
2. 60-70% արդյունք գրանցած հոգեբաններին համարել ատեստավորված և կատարել դրույքի փոփոխութրուն՝ ինչպես մանկավարժների դեպքում է։
Մենք վստահ ենք, որ կկայացնեք անաչառ ու արդար որոշում ու չեք ոտնահարի այն հոգեբանների իրավունքները, ովքեր գտել են համարձակություն , դրսևորել են կամք ու ցանկություն ինքնակրթվելու, զարգանալու , առավել արժանի վարձատրություն ստանալու: