ՔՊ-ական «Եղոն» անտեղի ճոռոմաբանել է


12:14 , 1 դեկտեմբեր, 2025
ՔՊ-ական «Եղոն» ԱԺ-ում հայտարարել է, թե ՀՀ-ԵՄ ճգնաժամային կառավարման համաձայնագրի վավերացումը շատ կարևոր քայլ է՝ կապված մեր պետութան ներկայանալիության, ճանաչելիության, դրսում ունեցած վստահելիության, դրոշի ներկայանալիության հետ:

Նախ հասկանանք, թե ինչ է համաձայնագիրն ինքնին ենթադրում: Այն ենթադրում է, որ Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակում իրականացվող քաղաքացիական և ռազմական ճգնաժամային կառավարման առաքելություններին, կարող է ներգրավվել ԵՄ կայունության, հումանիտար արձագանքի, սահմանային անվտանգության, խաղաղապահ և խորհրդատվական գործողություններում, ստանալ մասնագիտական, տեխնիկական և կառավարչական հասանելիություն ԵՄ համակարգերին։ Բացի սա՝ վավերացումը, ըստ էության, իրավական հիմք է ստեղծում ԵՄ դիտորդական առաքելության լիարժեք և անխափան գործունեության համար։ Միով բանիվ՝ սա ՔՊ-ականների կոմղից հերթական քայլն է՝ ուղղված Արևմուտքի հետ մերձեցմանը, որի նշանակությունը, սակայն, Եղոյան Արմանն ակնհայտորեն գերագնահատել է՝ չցանկանալով արձանագրել մի պարզ փաստ:

Հայաստանն իրականում այսօր վերածվել է կամակատար մի երկրի՝ չունենալով անվտանգային լուրջ երաշխիքներ: Հայաստանին այսօր ճանաչում են որպես պատերազմում պարտություն կրած, բայց հաջողությամբ վերարտադրված իշխանությամբ մի երկիր, որի գոյությունը խոշոր հաշվով եղած-չեղած մի հաշիվ է աշխարհի համար: Փաստ է, որ ինչ էլ ԱԺ-ն վավերացնի, ինչպիսի ելույթներ էլ այս կամ այն ՔՊ-ականն ունենա, Հայաստանն աշխարհի կողմից նորմալ չի ընկալվելու այնքան ժամանակ, քանի դեռ երկրի ղեկին կապիտուլյանտն է՝ թուրքի թոկը վզին գցած: Ավելին՝ Արևմուտքի հետ հարաբերություների առերևույթ խորացումը միմիայն է՛լ ավելի է մեծացնելու թուրքերի՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցությունը՝ հաշվի առնելով Արևմուտք-Թուրքիա անխախտ դաշինքը: Հայաստանին ուղղակի փորձելու են օգտագործել ռուսների ու Իրանի դեմ ճիշտ պահին. Արևմուտքին մենք միայն դրա համար ենք պետք. այլ բան աշխարհի գլխավոր գիշատիչը Ենոքավանի սարերում չի կորցրել: